Լրահոս
Օրվա լրահոսը

Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»

Մայիս 13,2017 13:00

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Եվ սցենարը, եւ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին..
Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետեւ 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») եւ գլխավոր դերով՝ «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:

Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:

– Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը եւ ընթացքը:

– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:

– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:

– 2009 թվականին՝ 25 տարեկանում, ես հասկացա, որ դերասան եմ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրս տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց եւ ասաց. «Դու շատ խելացի ես, եւ ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:

– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:

– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:

– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է Ձեզ հրապուրում:

– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:

– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:

– Այո, նա ինձ վստահում է, եւ դա ինձ բավարար է:

– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, եւ ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին:

 

ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031