Aravot.am-ը դեռ մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը տեղեկացրել էր, որ օլիմպիական չեմպիոնը ծնկի վնասվածք ուներ եւ նրա մասնակցությունը կասկածի տակ էր:
Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որ նաեւ նրա անձնական մարզիչն է, ՀԱՕԿ լրատվականին մեկնաբանել է, որ ինքը՝ ըմբիշը եւ հավաքականի մարզչական շտաբը որոշել են մասնակցելու առիթից անպայման օգտվել, որպեսզի Արթուրը մինչեւ աշխարհի առաջնություն նոր մրցակարգով գոտեմարտելուն հարմարվի: Ճիշտ է, վնասվածքի ցավը գոտեմարտից՝ գոտեմարտ ուժեղացել է եւ խանգարել:
Այդուհանդերձ, Գեւորգ Ալեքսանյանը գոհ է մնացել Արթուրի մասնակցությունից եւ նշել է, որ նա հանդես է եկել ավելի լավ, քան ի վիճակի էր այդ պահին: Գեւորգ Ալեքսանյանը ասել է նաեւ, որ օլիմպիական չեմպիոնը Ռիոյից հետո կրկին վնասվածքների պատճառով որեւէ մրցման չէր մասնակցել, ինչը նաեւ հոգեբանական ազդեցություն կարող էր ունենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ