Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն իր որեւէ շտաբում կամ ենթաշտաբում չունի այս նմուշից տարբերվող այլ քվեաթերթիկ. ՀՀԿ-ական (Տեսանյութ)

Մայիս 12,2017 22:44

«Ելքը» ընդդեմ ՀՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ այսօր ԿԸՀ հրավիրած արտահերթ նիստին մասնակցեցին նաեւ ՀՀԿ ներկայացուցիչներ: Նրանք միջնորդեցին մասնակցել նիստին որպես երրորդ անձ:

Հիշեցնենք, որ «Ելքի» անդամները հանձնաժողով են ներկայացրել փաստեր՝ ՀՀԿ շտաբից քաղաքացիները դուրս են եկել քվեաթերթիկներով՝ երրորդ համարի՝ Տարոն Մարգարյանի դիմաց նշումով, ու քսան հազարական դրամներով:

ԿԸՀ նախագահ Մուկուչյանը նկատեց, որ տեսանյութում հստակ չեն երեւում «Ելքի» բարձրաձայնած հարցերը, ապա հարցրեց. «Եթե դա եղել է բաժանման գործընթաց, ինչպես դիմումի մեջ է նշված, սրա կապակցությամբ որեւէ ապացույց ունե՞ք, կարո՞ղ եք ներկայացնել»:

«Ելքի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ ականատես վկան է մասնակից եղել գործընթացին. «Մի գործընթաց, որը շարունակական բնույթ է կրում, եւ մենք չունենք փաստ այն պատճառով, որ դա արվել է ապօրինաբար»:

«Ելքի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Հովակիմյանն էլ ընդհատեց՝ ասելով, թե Խաժակյանին հարցեր են ուղղում՝ հաշվի չառնելով, որ նա չէ դիմումատուն:

«Պարոն Խաժակյան, կողմնորոշվեք, հարցնում եմ՝ ընտրակաշառք տեսե՞լ եք, ասում եք՝ չէ, այդ պահին այնտեղ չեմ եղել, քվեաթերթիկը տեսել եք, ասում եք՝ հեռավորության վրա եմ եղել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ անդամ Սմբատյանն էլ հարցրեց՝ եթե նույնիսկ ինքներդ չեք տեսել այդ քվեաթերթիկները, ապա ո՞ր իրավունքով՝ բարոյակա՞ն, թե՞ իրավական իրավունքով եք ԿԸՀ-ին մեղադրում, թե ՀՀԿ շտաբից հանվել են մեր տպագրած քվեաթերթիկները:

Ըստ նրա, քվեաթերթիկի նմուշն իրենց կայքում է տեղադրված, ու ցանկացած մեկը կարող էր այն կրկնօրինակել ու որպես քվեաթերթիկ օգտագործել:

Ի պատասխան «Ելքի» ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ամենեւին ձեզ երբեւէ վիրավորելու ցանկություն չունեմ, բայց խնդրում եմ՝ լինեք այն հանձնաժողովը, որով կհպարտանար ՀՀ քաղաքացին»:

Ի դեպ, նիստին ցանկություն հայտնեց մասնակցել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը նաեւ «Ելք» դաշինքում պատգամավորության թեկնածու էր, բայց պարոն Մուկուչյանը նրան դուրս հրավիրեց՝ ասելով, որ ինքը լիազորություններ չունի:

ՀՀԿ ներկայացուցիչն էլ ասաց, որ ՀՀԿ-ն սահմանված կարգով պատվիրել ու տպագրվել է քվեաթերթիկի նմուշ, որի վրա կան տպաքանակի մասին տվյալներ: ՀՀԿ-ն իր որեւէ շտաբում կամ ենթաշտաբում չունի այս նմուշից տարբերվող այլ քվեաթերթիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ԿԸՀ-ն մերժեց «Ելքի» դիմումը:  ԿԸՀ-ն նաև որոշեց` դիմումը, ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարության մասով, կից փաստաթղթերով ուղարկել Գլխավոր դատախազություն: ԿԸՀ մերժման վերաբերյալ «Ելքի» լրազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանի մեկնաբանությունը՝ տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031