Ադրբեջանում Սաբայիլի շրջանային դատարանը բավարարել է Կապի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը՝ մի քանի ընդդիմադիր ինտերնետ-ռեսուրսների արգելափակման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, արգելքի տակ կհայտնվեն azadliq.info-ն ( «Ազադլիք» թերթը), azadliq.org-ը (“Ռադիո Ազադլիքը), azerbaycansaati.com-ը, meydan.tv-ն, ինչպես նաև Azərbaycan saatı և Turan TV վիդեոալիքները։
Պատասխանող կողմի փաստաբան Սամեդ Ռահիմովը նշել է, որ դատարանի որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Թուրքիայում կայքերի արգելափակման մասին Ստրասբուրգի դատարանի որոշմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ 2016թ. բանաձևին, որի համաձայն կայքը չի կարող արգելափակվել, իսկ սահմանափակումը կարող է վերաբերել միայն կոնկրետ տեղեկատվությանը։
Ռահիմովը նշել է, որ Կապի նախարարության վրդովմունքն առաջացրած տեղեկատվության մեջ որևէ բան չկա, որը կարող է հակասել «հասարակության և պետության օրինական շահերին»։ Այդ նյութերը չեն պարունակել կրոնական ռադիկալիզմի կամ այլ հակաօրինական գործողությունների կոչեր։
«Ազադլիք» թերթի խմբագիրը հայտարարել է, որ, չնայած դատարանի որոշմանը, իրենց աշխատանքները կշարունակվեն։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ