Սիրելի՛ երևանցիներ,
Արագ անցան Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հագեցած օրերը:
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ եկան մեր հանդիպումներին:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, պատմելու մեր նոր ծրագրերի և ավելի լավ Երևանի մեր պատկերացումների մասին, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:
Մեկ անգամ ևս շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիներ:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:
Վստահեցնու՛մ եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար:
Մայիսի 14-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, ապրենք Երևանում և Հանու՛ն Երևանի:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ, ունենալ ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ, ապրել Երևանում` ավելի՛ արժանապատիվ պայմաններում և ավելի՛ հարմարավետ կյանքով:
Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:
Խորին հարգանքով`
Տարոն Մարգարյան և Հայաստանի Հանրապետական կուսակցություն