Ինչ իրավիճակ է այսօր Հայաստանում և ինչ կոնկրետ վտանգներ են սպասվում մեզ: Բոլորին է հայտնի, որ երկրի բոլոր բնագավառներում՝ մեղմ ասած, նախանձելի վիճակ չէ և նոր կառավարության ձևավորումից հետո, որը մեծ հույսեր առաջացրեց շատ-շատերի մոտ, շոշափելի, երևացող՝ ժողովրդի կյանքի որակի վրա ազդող արդյունքներ այդպես էլ չարձանագրվեցին: Գուցե, թե հրապարակ են իջել ավելի գեղեցիկ ծրագրեր, նոր ներդրումային հնարավորություններ, սակայն դրանք սարսափելիորեն դանդաղում են և փաստացի, սայլը տեղից չի շարժվում: Միշտ էլ բարի ցանկություններն ու կոնկրետ գործերը, որոնք պետք է իրավիճակ փոխեն, իրարից էականորեն տարբերվում են, ավելին, դրանք տրամագծորեն հակառակ են միմյանց: Ինչպես ժողովուրդն է ասում, քաղցր բառն արտասանելիս, որևէ մեկի բերանը չի քաղցրանում:
Որ, մեր երկրում դասական իմաստով համակարգեր չեն գործում, դա բոլորին է հայտնի, սակայն այն հանգամանքը, որ նման ուղղությամբ միտումներ չկան և քայլեր էլ չեն ձեռնարկվում, դա արդեն անհասկանալի է: Միթե՞ այսքան ժամանակ չհասկացանք, որ անձերի փոփոխություններով լուրջ արդյունքների հասնել չենք կարող, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, քանզի նման փոփոխությունների պարագայում բոլորին թվում է, որ իրենք ամենապուպուշն ու ամենաարժանավորն են և արդյունքում ամեն ինչ գնում է դեպի էլ ավելի վատը: Իսկ, այս ամենի արդյունքում ավելի են ահագնանում արդարության դեֆիցիտը և արտագաղթը:
Փաստացի, մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալիս, եթե չասենք, որ նրանք էլ ավելի են վատացնում վիճակը: Միթե՞ այսքան տարիների ընթացքում մենք մի պարզ բան չհասկացանք, որ երկրից արտագաղթողների մի ստվար մասը հեռանում է ակնհայտ անարդարությունների պատճառով, որի դեմն առնելը բնավ կապված չէ բյուջեի քչության, ներդրումների պակասի կամ կյանքի վատ պայմանների հետ:
Արդարությունը բարոյական կատեգորիա է և այն կապել երկրի ծանր սոցիալական, տնտեսական իրավիճակների հետ, գրեթե անիրատեսական է: Եթե չենք կարողանում ներդրումներ ապահովել, աշխատատեղեր բացել, դա մի կերպ կարելի է հասկանալի, քանզի այն կախված է բազմաթիվ ու բազմապիսի հանգամանքներից, սակայն եթե չենք կարողանում արդարություն ապահովել, ապա դա արդեն լիովին անհասկանալի է, քանզի այն ուղղակիորեն կախված չէ արտաքին ազդակներից:
Այն կախված է միմիայն մեզանից, որը մենք չենք ուզում ու չենք անում, կատարելապես հասկանալով, որ այն արտագաղթի վրա էապես ազդող որոշիչ հանգամանքներից մեկն է, սակայն բոլորս ամենուրեք և մշտապես բարձրաձայնում ենք, որ մեր առաջնային խնդիրը արտագաղթի նվազեցումն է:
Այս և նմանատիպ այլ խնդիրները վերաբերվում են բոլորիս ու հայրենիքի պաշտպանությունը, հզորացումը, շենացումը դա բոլորիս պարտքն է, այնպես որ, համատեղ ուժերով չլուծելով վերը բարձրացված խնդիրները, մենք բոլորս անհատապես՝ հատ-հատ թուլանալու ենք, իսկ արդյունքում չափազանց թուլանալու է հայրենիքը:
Այդ դեպքում հարց է ծագում, իսկ ում վրա պետք է դնենք մեր հույսը, եթե ոչ մեզ: Միթե՞ ապրիլյան վերջին իրադարձությունները մեզ պարզորոշ չհուշեցին, որ մենք լրիվ միայնակ ենք, աշխարհում գործում են միայն շահի հարաբերությունները՝ անկախ շրջապատողների կրոնական և տարատեսակ այլ համոզմունքներից: Այսօր աշխարհի բոլոր երկրները մի շահ ունեն, դա փողն է և նրանց միջև բոլոր հարաբերություններն անխտիր կառուցվում են այդ երևույթի շուրջ: Բարոյականություն, կրոնական պատկանելիություն,…, դրանք լոկ բառակապակցություններ են և բոլորին իրար կապող միակ գործոնը շահն է ու ամեն մեկն այդ ճանապարհին առաջնորդվում է առավելագույն շահ ունենալու ակնկալիքով:
Մենք շատ հաճախ, միամտաբար մեր հույսը դնում ենք աշխարհի հզորների վրա, մասնավորապես՝ հիմնականում Ռուսաստանի վրա, մոռանալով, որ որքան էլ, որ այն քրիստոնյա երկիր է, սակայն նա էլ ունի իր շահերը, որի վառ ապացույցը տեսանք ապրիլյան պատերազմի օրերին: Հատկապես, մեծ տերությունների դիվանագիտությունը չափազանց փակ և խորքային է, այնպես որ, մենք իրավունք չունենք միամտաբար մեր հույսը դնել բարեկամության, կրոնի միատեսակության կամ զգացմունքային այլ կապերի վրա այն դեպքում, երբ ամեն վայրկյան օդում կախված է Ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը, որը կարող է հերթական անդառնալի կորուստները բերել հայ ժողովրդին:
Մենք պարտադրված ենք լայն բացել մեր աչքերը և պարզորոշ տեսնել, որ այսօր, քան երբևէ, լիովին միայնակ ենք ու մեր փրկության միակ գրավականն արտագաղթի կանխումն է և համայն հայության միասնությունը, քանզի այսօր ավելի քան բացահայտ է Ռուսաստանի եղբայր Թուրքիայի բացարձակ հովանավորչությունը Ադրբեջանին՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության հարցում:
Միայնակ վիճակից միակ փրկությունը միասնությունն է…
Տիրոջ փրկությունը մեզ…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ