Այսօր Հայ-Արտ մշակութային կենտրոնում տիրում էր ծաղկային տրամադրություն: Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի նախաձեռնությամբ հավաքվել էին մոտավորապես ժամանակակից 20 նկարիչներ՝ցուցադրելու իրենց կտավները, որոնցում իշխողն, իհարկե, ծաղիկներն էին: Հատկանշական է, որ նկարիչները ոչ միայն Երեւանից էին, այլեւ մարզերից՝ Գյումրի, Արթիկ: Կտավների քանակը հասնում էր 40-ի:
Ցուցահանդեսի սկզբում ներկաների ձեռքին բնական ծաղիկներն էին, իսկ սրահում՝ քայլողները, երաժշտական մասն էլ ապահովում էր «Ժողովրդական նվագարաններ» անսամբլը:
Տնօրեն Ռիտա Շառոյանը պարզաբանում է՝ ինչու «Ծաղիկներ Երեւանին».- «Երբ մարդուն ծաղիկ ես նվիրում, ուրախանում է. մենք էլ որոշեցինք մեր քաղաքին այսպես ուրախացնել՝ նվիրելով ծաղկային կտավներ»:
Նկարչուհի Սուսաննա Ավանեսյանն ասում է, որ այն ծաղիկները, որոնք պատկերված են նկարում, հավաքել է անձրեւի տակ.- «Մի անգամ, երբ մեր հողամասում էինք, հանկարծ տեսա ծաղիկները, երբ ուզում էի հավաքել, ուժեղ անձրեւ սկսվեց, բայց, միեւնույն է, շարունակեցի հավաքել: Դրանից անմիջապես հետո սկսեցի նկարել»:
Լիլիթ Տոնականյանն էլ, ով Արթիկից եկել էր Երեւան ցուցահանդեսի համար, պատմում է, որ կենտրոնի նախաձեռնած եւս մեկ ցուցահանդեսի մասնակից է եղել.- «Այս կենտրոնում արդեն երկրորդ անգամ եմ ներկայացնում իմ աշխատանքները: Այսօր ներկայացնում եմ չորս նկար: Հիմնականում նկարում եմ օրիգինալից, բայց փոքրիկ փոփոխություններ լինում են: Ստեղծագործում եմ բնանկարի ժանրում, գույներն էլ միշտ մաքուր, վառ, պայծառի մեջ են. ուզում եմ մարդկանց կտրել գորշ առօրյայից»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 17-ը:
Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ