«Ելք» դաշինքը Կոմիտասի պողոտայից սկսեց ընդդեմ կոռուպցիայի երթը: Երթին մասնակցում էին նաև «Ելք»-ի պատգամավորները, ավագանու թեկնածուները: «Ելքը» կոչ էր անում կիրակի՝ մայիսի 14-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Ելք»-ի օգտին՝ ապացուցելու համար, որ Երևանի քաղաքացին չի վաճառվում:
Կոմիտասի պողոտայով երթի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան պողոտայում և գնում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ ժամը 20:00-ին քննվելու է դաշինքի բողոքը:
Երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք գնում են պատրաստվելու Տարոն Մարգարյանի հետ բանավեճին, որը տեղի կունենա ժամը 22:00-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվում, երբ գնացել էր դեպքի վայր, այնտեղ, ըստ Փաշինյանի, նախկին պատգամավորի թեկնածու Վարդան Վարդանյանը հարվածել էր «Ելք»-ի վստահված անձ Հայկ Սարգսյանին: Նախընտրական շտաբ մտնել հաջողվել էր միայն այսօր, սակայն ըստ Փաշինյանի «Ելք» դաշինքի անդամ ընթերական ներսում ճնշումների է ենթարկվում և լարված իրավիճակ սկսվեց ոստիկանների և դաշինքի անդամների միջև: «Ելք» դաշինքին հաջողվել է գտնել, իրենց խոսքերով, ընտրակաշառքն ապացուցող փաստաթղթեր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ