Արդեն մի քանի տարի է ինչ հանրապետության գիշերային խնամքի հաստատություններում եւ մանկատներում իրականացվում է երեխաների բեռնաթափման պետական ծրագիր: Դրանց վերակազմակերպման հետ կապված հանրության շրջանում բազմաթիվ դժգոհություններ են առաջանում:
Այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ զարգացումների պահանջն է, որպեսզի նշված հաստատությունները վերափոխվեն.
«Մանկատների առումով շատ կարեւոր է, որպեսզի անցումային փուլում ունենանք այդպիսի էլեմենտ: Այսինքն, որոշակի թվաքանակով շուրջօրյա խնամքի մաս դեռեւս պետք է ապահովենք: Բայց հետագայում, ունենալով զարգացած այլընտրանքային ծառայություններ, որոնք կապահովեն անհրաժեշտ բոլոր կարիքները, մենք ուղղակի դրանք կվերափոխենք լիարժեք ցերեկային կենտրոնների»:
Նախարարի կարծիքով շատ դեպքերում երեխաները մանկատներում են հայտնվում ընտանիքի սոցիալական պայմաններից ելնելով. «Եթե այդ ընտանիքները որոշակի ծառայություններ ստանան, ապա երեխաները մանկատներում չեն հայտնվի»:
Այն հարցին, թե վերակազմակերպման ընթացքում հաստիքների կրճատում նախատեսվում է, թե՞ ոչ, նախարարը պարզաբանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ այն բոլոր աշխատակիցները, որոնք սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի կամ նաեւ խնամքի որոշակի ծառայության մատուցման առումով ունեն համապատասխան որակավորումներ, նրանք իրենց աշխատանքը կունենան»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ