Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզում խնդիրները բազմաթիվ են». Արտեմ Ասատրյանը Լոռու մարզում էր

Մայիս 12,2017 17:45

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխություններին, մարզի համապատասխան կառույցների հետ քննարկել առաջիկա անելիքները:

Նախարարը Վանաձորում շրջայցը սկսեց մանկատնից, ապա եղավ նաեւ երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում եւ ցերեկային խնամք իրականացնող «Հայկական Կարիտաս» ՀԿ-ում: Ծանոթացավ նաեւ Վանաձորի սոցիալական ծառայության համալիր կենտրոնում իրականացվող շինաշխատանքների ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ բարեփոխումներին ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի Լոռու մարզից:

«Ուզում եմ շատ կարեւորել Լոռու մարզում իրականացվող փոփոխությունները: Որպես մոդելային օրինակ ունենալով երեխաների պաշտպանության ոլորտում համապարփակ ծառայություններ մատուցող լիարժեք համակարգ: Դրանք կլինեն, թե՛ շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, թե՛ ցերեկային եւ այլընտրանքային ծառայությունների զարգացումները, որոնք պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր քաղաքացու եւ ընտանիքի կարիքների լիարժեք բավարարմանը: Մեր կարեւոր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր խնամքը ստանա ընտանիքում: Եթե դա կենսաբանական ընտանիքում հնարավոր չէ, ապա գոնե փոխարինող ընտանիքում: Եթե դա էլ հնարավոր չէ, ապա ավելի շատ ընտանեկանին մոտ խնամք ստանան»:

Ըստ նախարարի, այս ծրագրերն իրականացնելու համար, անհրաժեշտ է բոլոր հնարավոր պետական եւ ոչ պետական միջոցներն ուղղորդել յուրաքանչյուր ընտանիքի գնահատված կարիքների բավարարմանը: Արտեմ Ասատրյանը դրական գնահատեց նաեւ մարզում իրականացվող սոցիալական աշխատողի ինստիտուտի աշխատանքը: Վստահ է, որ առաջիկա ծրագրերը եւս մարզում կտան դրական արդյունք. «Ես կարծում եմ, որ Լոռու մարզում կունենանք շատ լավ արդյունքներ: Մի մարզում ունենալով լիարժեք ձեւավորված համակարգ, դրա հնարավորությունն ու ամբողջական կիրառումը հանրապետության մյուս մարզերում ավելի իրատեսական ու հնարավոր կլինի»:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, նախարարն ասաց, որ դրանք բազմաթիվ են: Որոնց լուծման համար անհրաժեշտ է համարում համագործակցություն բոլոր համապատասխան կառույցների հետ:

«Մարզում խնդիրները բազմաթիվ են: Խնդիրներ կան խնամքի հաստատություններում խնամվող երեխաների, այդ հաստատություններում հայտնվելու պատճառների հետ: Դրանք հիմնականում սոցիալ-տնտեսական պայմաններով են պայմանավորված: Իհարկե, աշխատակիցները փորձում են այդ խնդիրներին լուծումներ տալ, բայց բնականաբար ռեսուրսները միշտ չէ, որ բավարար են: Խնդիրները նաեւ վերաբերում են ռեսուրսների ոչ բավարար լինելուն: Դրա համար մենք նախատեսում ենք նաեւ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի վերապրոֆիլավորում, լիազորությունների պատվիրակում»:

Նախարարն ասում է, որ իրենց առաջիկա անելիքները հստակ են. «Ունենալու ենք պետական բյուջեով իրականացվող ծրագրերի մրցութային կարգով պատվիրակում: Իսկ սա բերելու է նաեւ ծախսաարդյունավետության բարձրացմանն ու ավելի հասցեական ծրագրերի իրականացմանը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031