Ինչպես արդեն հայտնել էինք, գիշերը «Ելք» դաշինքի անդամները Կուրղինյան փողոցում էին՝ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի դիմաց, որտեղ, ըստ իրենց տվյալների, կաշառք էր բաժանվել:
«Ելք» անդամները կրկին Կուրղինյան փողոցում էին, և Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ինչ-որ մեկը վիրավորել է «Ելք»-ի ներկայացուցչին, որը նախընտրական շտաբի ներսում էր: Ոստիկանության ներկայացուցիչները կանգնած էին նախընտրական շտաբի դռան դիմաց, իսկ «Ելք»-ի անդամները փորձում էին հասկանալ, թե ով է վիրավորել իրենց համախոհին:
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բացել նախընտրական շտաբի դուռը, ոստիկանները մի կողմից էին դուռը քաշում, «Ելքի» անդամները՝ մյուս: Լարված իրավիճակ սկսվեց՝ հրմշտոց «Ելք» դաշինքի անդամների և ոստիկանների միջև:
Նիկոլ Փաշինյանը բղավում էր՝ ոտքս ջարդում եք: Ոստիկաններին հաջողվեց դուռը փակել:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեպքի վայրի զննության արձանագրություն է կազմվում, «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գտնվում է շտաբի ներսում՝ որպես ընթերակա, առաջարկել է վերցնել փաստաթղթերը, որտեղ առկա են մարդկանց անուններ և թվեր, սեփականատերը հայտարարել է, որ չի ցանկանում այդ փաստաթուղթը վերցնեն, հետաքննիչն էլ ասել է, որ իրավունք չունի վերցնել դրանք. «Այդ հողի վրա էլ վիճաբանություն է ծագել «Ելք» դաշինքի ներկայացուցչի և սեփականատիրոջ միջև, և այս պահին Նիկոլ Փաշինյանը փորձում է դատավարական գործողությունները կատարվեն իր մասնակցությամբ, որպեսզի այդ փաստաթղթերը ևս առգրավեն: Ոստիկանության աշխատակիցը, ըստ էության, չի կարողանում կատարել իր լիազորությունները, թեպետ ինքը պարտավոր է այդ բոլոր փաստաթղթերը վերցնել, ինչը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով»:
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մտնել նախընտրական շտաբի տարածք, որտեղից Նիկոլայ Բաղդասարյանին հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամ ընթերակային վիրավորում են և նրա նկատմամբ ճնշումներ են գործադրում: Բաղդասարյանն ասաց, որ իրենք պատրաստվում են ահազանգել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Նա նաև խորհուրդ տվեց Փաշինյանին միջնորդություն ներկայացնել՝ որպեսզի գործում նրան ներգրավվեն որպես հաղորդում տված անձ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ