Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ փաստաբաններս, մեր երկարատեւ համատեղ գործունեության ընթացքում մոտիկից շփվելով եւ ճանաչելով Զարուհի Փոստանջյանին` որպես փաստաբան, ապա նաեւ` քաղաքական գործիչ, բարձր ենք գնահատում նրա մասնագիտական հմտությունները, մարդկային հատկանիշները, մինչեւ վերջ պայքարելու եւ արդյունքի հասնելու նրա ունակությունը: Ասվածի ապացույցներից է շրջադարձային համարվող «Մատաղիսի գործը», երբ ցմահ ազատազրկման դատապարտված երեք անմեղ երիտասարդներ ազատ արձակվեցին: Աշխարհում եզակի են դեպքերը, երբ ցմահ ազատազրկվածների վճիռները բեկանվում են և նրանք ազատ են արձակվում, իսկ Հայաստանում այդ բացառիկ նախադեպը ստեղծվեց Զարուհի Փոստանջյանի շնորհիվ:
Որպես քաղաքական գործիչ` տասնամյա գործունեության ընթացքում եւս Զարուհի Փոստանջյանը, հավատարիմ մնալով իր արդարամիտ եւ սկզբունքային մոտեցումներին, հնարավոր բոլոր հարթակներում պայքարեց հանուն մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության կայացման:
Մենք համոզված ենք, որ երեւանցիները, մայիսի 14-ին վստահություն հայտնելով Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, կունենան մայրաքաղաքի եւ իրենց խնդիրների օրինական լուծմանը հետամուտ սրտացավ քաղաքապետ: