Տարածաշրջանում քրդական գործոնի ազդեցիկությունը նոր թափ է հավաքում. Վաշինգտոնի որոշումը՝ ԻՊ-ը արմատախիլ անելու համար քրդերին հակաահաբեկչական պատերազմին ներգրավելու նախապայմանականության շեշտումով, կարող է նոր շրջափուլի մեկնարկ համարվել։
Պարզ է, որ մինչ այս հայտարարությունը, Վաշինգտոնը շարունակում էր օժանդակել քրդերին, հաճախ ոչ բացահայտ, երբ հարկ լիներ եւ Անկարային ուղերձ փոխանցելու հարց լիներ` ուղղակի. համենայնդեպս քրդական գործոնը եղել եւ շարունակում է լինել խաղաթղթային շահարկման ազդակ տարածաշրջանում իրավիճակ ստեղծելու կամ որոշակի փոփոխություն բերելու գործընթացներին։
Առայժմ ուղղակի հայտարարվում է, որ քրդերը կարեւորագույն ազդակն են ԻՊ-ի դեմ պատերազմին. ուրեմն քրդերին զինելը անհրաժեշտ գործողություն է, որի նպատակն էլ ԻՊ-ի չեզոքացումն է։ Սակայն քրդերի զինումը ուղղված չէ միայն ԻՊ-ին. ահա այստեղ ԻՊ-ն ու Անկարան նույն ճակատի վրա են դիտարկվում եւ տեղադրվում։
Նման դիրքորոշման մեկնաբանությունն այն է, որ Անկարան դիտվում է իբրեւ ԻՊ-ին սատարող, նրան աջակցող, ֆինանսավորող եւ իր տարածքների վրա տեղակայման միջավայր տրամադրող եւ իր սահմաններից անարգել եռուզեռ ապահովող պետական միավոր։
Անկարայի սկսած խաղը շրջվում է. Անկարան, որ ահաբեկչություն հասկացության հավասարազոր բաղադրիչ էր նկատում թե ԻՊ-ի զինյալ խմբերն ու թե քրդական զինյալ ուժերը, այս հայտարարությամբ եւ դիրքորոշման խորքում ի՜նքն է հայտնվում ԻՊ-ի հետ հավասարազոր թիրախի դիրքերում։
Սա նաեւ հակասական պատկերներ է ուրվագծում միջազգային ընտանիքի հետ լարվածության մեղմացման գոտիների եւ Անկարայի առաջադրած ու հանկերգած անվտանգության գոտիների միջեւ։ Չմոռանանք, որ մարդասիրական, ապա անվտանգության գոտիների ստեղծման առաջադրանքը քրդական վտանգի կանխարգելման միտող զինվորաքաղաքական ծրագիր էր առաջ մղված Անկարայի կողմից։ Հիմա ստացվում է այն, որ Վաշինգտոնը լարվածության մեղմացման գոտի ձևավորելու սկզբունքի շուրջ համաձայնելով զինում է քրդերին։
Էրդողանի արձագանքը չէր ուշացել. նա ասել էր, որ Միջին Արեւելքում առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու ոչ ոք չի կարող քայլեր ձեռնարկել, աւելի՛ն` Անկարային շրջանցողները պետք է թանկ գին վճարեն իրենց քայլերի համար։
Ակնարկը պարզորեն ուղղվում է Վաշինգտոնին։ Անկարան թանկ գին վճարել տվեց Եվրոպային՝ փախստականների հարցով ստեղծելով համաեվրոպական մարդասիրական եւ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներ. հիմա սպառնում է նաեւ Վաշինգտոնին։
Հարեւանների հետ պրոբլեմները առանց զրոյացնելու, հիմա էրդողանական Թուրքիան պրոբլեմներ է ստեղծում հեռու հարեւանների հետ։ Սարերի հետևում չէ Էրդողանի այցը Վաշինգտոն։ Էրդողանից առաջ իր ամերիկացի պաշտոնակցի հետ տեսակցեց Մոսկվայի դիվանագիտության ղեկավարը եւ հայտարարեց, որ ընդհանուր հայտարարների են հասել Սիրիայի տագնապի լուծման պատկերացումներում։ Առայժմ պարզ չէ, որ Անկարայի հետ մերձեցած Մոսկվան ի՞նչ դեր կունենա քրդական գործոնի նկատմամբ Վաշինգտոնի ձեռնարկելիք քայլերի ուղղությամբ։ Սա արդեն հզոր ազդակ կհաղորդի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի փոփոխության գործընթացում նոր շրջափուլ ստեղծելու առումով, եթե իհարկե այս հարթության վրա նոր հակասություններ երեւան։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր