Քիչ առաջ Կոմիտասի 52 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին իր «ֆեյսբուքյան» էջում ուղիղ եթեր մտավ:
«Չեք հավատա՝ ի՜նչ փաստեր ենք գտել»,-հայտարարեց նա: Պարզվում է՝ վիճաբանությունից հետո Տարոն Մարգարյանի շտաբից մի կին է դուրս եկել եւ պարկ նետել աղբանոցը, ինչին հետեւել են «ԵԼՔ»-ի ակտիվիստները:
Փաշինյանը հերթով՝ ձեռնոցներ հագած, կարդում էր պատռված կամ ամբողջական ցուցակները, որոնցում կան տվյալներ՝ գումարների չափի, հավաքած ձայների մասին:
Մի գրության մեջ էլ նշվում է, թե ինչպես պետք է հատուկ «պառոլներով» գումար բաժանել քաղաքացիներին:
«Կարծում եմ՝ քրեական գործ պետք է հարուցվի»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ըստ փաստաթղթերի՝ Ոստիկանությունը եւս ձայներ է հավաքել ՀՀԿ թեկնածուի համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ