Քիչ առաջ «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ահազանգեց, որ կասկածելի իրավիճակ է տիրում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում:
«Այստեղ գտնվող մարդկանց վկայությամբ՝ ՍԱՍ սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցները, որոնց ճանաչել են, Կոմիտաս 56 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ փող են մտցրել»,-իր «ֆեյսբուքյան» էջում ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեսանյութով ցույց տվեց, որ երեք հոգի ներսից հսկում են շտաբի դուռը: «Մարզված տղաներ են՝ մուտքը փակում են»,-նկատեց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով՝ տեղեկություններ կան, որ ներսում պատրաստվում էին ընտրակաշառք բաժանել:
Ապա եկավ Անտոնյան Հրայրը՝ վարչական շրջանի նախկին ղեկավար, որը Փաշինյանին եւ լրագրողներին ներս թողեց:
Փաշինյանն իրավիճակը նկարագրեց, սակայն զրույցը ընդհատվեց շտաբում գտնվող տղամարդկանցից մեկի պատճառով: Նա պնդեց, որ ցանկանում է հյուրասիրել լրագրողներին, Փաշինյանն էլ ասաց, որ կարիք չկա, իրենք ընտրակաշառքի հետքերով են եկել:
Վիճաբանություն սկսվեց. «Կարողա՞ տեղը չես բերում»-բղավեց Փաշինյանը, ապա տղամարդու հետ առանձնացավ սենյակում: Հրմշտոց տեղի ունեցավ, տղամարդիկ դիմեցին ձեռքերի օգնությանը:
Այս պահին Նիկոլ Փաշինյանի թիմն ուսումնասիրում է իր ունեցած տեղեկությունները՝ դրանք ոստիկանություն փոխանցելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ