«Մայիսի 14-ին, Երեւանի քաղաքապետի ընտրություններում ո՞ւմ եք պատրաստվում տալ ձեր ձայնը»,- Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ընկերության այս հարցին, Երեւանի բնակիչների 72,3 %-ը պատասխանել է` Տարոն Մարգարյանին: Հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանին ձայն կտա երեւանցիների 15,5 %-ը: Զարուհի Փոստանջյանին ձայն կտա մայրաքաղաքի բնակիչների 4,7 %-ը:
Տարոն Մարգարյանի վարկանիշի այսպիսի ցուցանիշները «Էմ Փի Զի» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը բացատրում է նրա նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահությունով. «Տարոն Մարգարյանի դիրքերն ամուր են, որովհետեւ իրենք ունեն կոնկրետ կատարված աշխատանքներ: Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանն ասում են, որ կա այս-այս խնդիրները` կապված աղբահանության, մաքրության հետ, բայց ասել, որ ընդհանուր քաղաքի կտրվածքով վիճակը վատ է, միանշանակ այդպես չէ»:
Ըստ նույն աղբյուրի հարցման, երեւանցիների 31,4 %-ը ռեստորան, սրճարան, ակումբ ընդհանրապես չեն այցելում: Զբոսայգի, պուրակ ամեն օր այցելում է մեր քաղաքի բնակչության 13.1 տոկոսը: Երեւանցիների 77 տոկոսը սպորտդահլիճներ չեն կարողանում հաճախել:
«Էմ Փի Զի» ընկերությունը պարզել է, որ մայրաքաղաքի բնակիչների 60 տոկոսն էլ չի կարողանում սրճարաններ հաճախել:
Այն հարցին, թե ինչ միջոցառումներ կցանկանաք, որպեսզի կազմակերպվեն ամռան ամիսներին Երեւան քաղաքում, բնակիչների 49,3 տոկոսը նշել են, որ բացօթյա համերգներ են ուզում, 44,7 տոկոսը նշել է, որ ավելի հաճախ կուզենան տեսնել մանկական միջոցառումներ, հայկական ուտեստների փառատոների մասնակցելու ցանկություն է հայտնել 22,8 տոկոսը:
Հարցված քաղաքացիների 86,7 %-ը էլեկտրատրանսպորտից ամենակարեւորը համարել է մետրոն: 41,5 տոկոսը` տրոլեյբուսին է նախապատվությունը տվել, 43,4 տոկոսը ամենից շատ ցանկացել է Երեւանում տեսնել տրամվայ:
Երեւանցիների 43,9 %-ը նշել է, որ չի հետեւում ավագանու քարոզարշավին: Հարցին, թե որ կուսակցության քարոզարշավն եք ավելի շատ հանդիպել, քաղաքացիների 73,8 %-ը նշել է` ՀՀԿ-ինը, 46,3 %-ը «Ելք» դաշինքի մասին է ասել, 32,5 տոկոսն էլ ավելի շատ «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն է առավել հաճախ հանդիպել:
Հարցվածների մեծամասնությունը` 84,6 %-ը նշել է, որ քարոզարշավը հանդիպել է հեռուստատեսությամբ եւ միայն 23,2 %-ն է նշել, որ հանդիպումների է եղել բակերում, համայնքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ