Իջեւանից սերված կենսաթոշակառու Սարգիս Սարգսյանը երկքաղաքացի է, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նա այս տարվա մարտի վերջին իր ավտոմեքենայով Ռուսաստանից Իջեւան է եկել: Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում նրանից շուրջ 14 հազար դրամ են պահանջել՝ ավտոմեքենայից արտանետվող գազերով Հայաստանի մթնոլորտն աղտոտելու եւ ավտոմեքենայով Հայաստանում որոշակի ժամկետով մնալու համար: Ս. Սարգսյանի խոսքերով՝ ինքը տեսել է, որ Վրաստանի քաղաքացիները ավտոմեքենաներով Բագրատաշենով Հայաստան մուտք գործելով՝ նման գումարներ չեն մուծել:
Ս. Սարգսյանն, որն անցյալ տարվա ապրիլյան մարտերի ժամանակ Արցախին օգնելու համար Ռուսաստանում 50 հազար ռուբլի է նվիրաբերել, ասաց, որ ինքը Հայաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում ավտոմեքենայի համար, որպես պետական տուրք, յուրաքանչյուր ամսվա հաշվարկով պետք է 20 հազար դրամ վճարի: Նա տարակուսեց, թե Հայաստանի ԵՏՄ մտնելուց հետո Ռուսաստանից ժամանած ավտոմեքենայի համար ինչո՞ւ պետք է նման գումարներ գանձվեն: Սարգսյանն ասաց, որ պատրաստվում է այդ հարցի վերաբերյալ նամակով դիմել վարչապետ Կ. Կարապետյանին:
Բագրատաշենի սահմանային անցակետի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ սահմանային անցակետում Ս. Սարգսյանից գանձումներն օրինական են կատարվել: Հայաստան մուտք գործելիս նրա ավտոմեքենայից մթնոլորտ արտանետվող գազերի համար Ս. Սարգսյանից 3750 դրամ է գանձվել, եւս 10 հազար դրամ՝ ավտոմեքենան Հայաստանում 20 օր մնալու համար:
Աշխատողը հայտնեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է պայմանագիր, որով այդ մուծումները չեն արվում, Ռուսաստանի հետ Հայաստանը նման պայմանագիր չունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ