Օրերս Մոսկվայում կայացել է XIV Համաշխարհային պարային օլիմպիադան, որի շրջանակում կազմակերպվել է Ժողովրդական պարերի համաշխարհային մրցույթ: Հայաստանի ներկայացուցիչ՝ «Նոր Դար» պարային համույթի մենապարող, ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի չեմպիոն Գարիկ Պետրոսյանը ներկայացրել է «Շալախո» պարը եւ գրավել 1-ին տեղը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Նոր Դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ նույն օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է նաեւ ժողովրդական պարերի Եվրոպայի առաջնություն, որի հաղթող է ճանաչվել կրկին Գարիկ Պետրոսյանը: Պատանին հանդես է եկել «Շուշի» պարով (երաժշտության հեղինակ՝ Արա Գեւորգյան) եւ այն նվիրել քառօրյա պատերազմում հերոսաբար ընկածների հիշատակին:
«Մենք միակն էինք, որ ներկայացնում էինք Հայաստանը՝ IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանի ղեկավարությամբ: 12 երկիր էր մասնակցում, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Իտալիան, Բելգիան: Ժողովրդական պարերի Եվրոպայի առաջնությունում մենք ներկայացել էինք «Ժողովրդական պարեր», «Մենապար», «Զուգապար» անվանակարգերում: Ժողովրդական պարերի Աշխարհի կրկնակի չեմպիոն, 11-ամյա Գարիկ Պետրոսյանը և նրա հասակակից Գագիկ Պարտիզպանյանը «Զուգապար» անվանակարգում ներկայացրեցին «կատակ պար» եւ գրավեցին 4-տեղը»,-պատմեց Մհեր Պետրոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ