Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետի հերթական հանձնարարությունն ու հայտարարությունը շատ մտահոգող է». Անահիտ Բախշյան

Մայիս 12,2017 13:49

«Եթե մեր թեկնածուն դառնա քաղաքապետ, առնվազն Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը չպետք է լինի կուսակցական»,-«Մեդիա կենտրոնում» «Հանրակրթության ոլորտի խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. Երևանի ավագանու ընտրություններ 2017» թեմայով հրավիրված քննարկմանը վստահեցրեց «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:

Դառնալով կրթության ոլորտի քաղաքականացվածության խնդրին և հարցին՝ որքանո՞վ է դա խանգարում կրթության նորմալ գործընթացի կարգավորմանը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեր ծրագրում գրված է, որ ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի դպրոցի տնօրենների՝ ընտրական գործընթացներին ապօրինի մասնակցության ահազանգերը: Եթե մեր թեկնածուն դառնա քաղաքապետ, առնվազն կրթության վարչության պետը չպետք է լինի կուսակցական: Օրինակ՝ Գայանե Սողոմոնյանը հունվարին կուսակցության անդամակցությունը սառեցրել է, հիմա նորից տաքացրել է»:

Տիկին Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե արդեն երկու տարի է՝ ուզում է ըստ մանկապարտեզների՝ հերթագրված երեխաների ցանկը վերցնել, սակայն մանկապարտեզից մերժում են. «Ես գրել եմ ըստ մանկապարտեզների՝ ինձ տվել են ըստ վարչական շրջանների: Կան դեպքեր, երբ երեխան պետք է մանկապարտեզ հաճախեր, բայց դեռ հերթում է»:

Անահիտ Բախշյանը ցավով հիշեցրեց, թե փակվեց «Սեբաստիա» մանկապարտեզը, և շենքն օտարվեց Ալեքսանյան ընտանիքին: Անահիտ Բախշյանի կարծիքով՝ անթույլատրելի է այսօր մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը. «Խմբեր կան, որտեղ 40-42 երեխա են երեք տարեկան: Մեկ դաստիարակ, մեկ դայակ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ: Եվ այդ մարդկանցից ո՞նց պահանջես այդ երեխաների դաստիարակություն, խնամք: Այդ հարցը բազմիցս քննարկվել է, բայց լուծում չկա, քանի որ տեղը քիչ է»:

Ի պատասխան Արմինե Հովհաննիսյանը վստահեցրեց, թե մանկապարտեզներում խիստ վերահսկողություն է իրականացվում, ավելին, ծնողները նախընտրում են իրենց երեխաներին տանել հենց պետական մանկապարտեզներ, թեև Երևանում գործում են բազում ոչ պետական մանկապարտեզներ:

ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը վստահեցրեց, թե մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցված դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզներ. «Մասնակի կամ հիմնանորոգվել են շուրջ 140 մանկապարտեզներ»:

Անդրադառնալով մանկապարտեզ ընդունվելու համար գոյացած հերթերին՝ տիկին Հովհաննիսյանը նշեց, թե դրա պատճառներից է ծնելիության աճը, այն, որ մարդկանց կենսակերպը փոխվել է. հիմա ընտանիքներում երկու ծնողներն էլ աշխատում են: Արմինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների համար ապահովված են կրթության անհրաժեշտ պայմանները»:

Դառնալով գործող քաղաքապետի՝ բանավեճերից խուսափելու խնդրին, տիկին Բախշյանն ափսոսանք հայտնեց, թե գործող քաղաքապետը բանավեճի դասընթացի փուլը չի անցել, հակառակ դեպքում այսօր չէր մերժի իր մասնակցությունը բանավեճին:

Անդրադառնալով կրթության ոլորտում մասնավորապես դպրոցի տնօրենների քաղաքականացվածությանը, Արմինե Հովհաննիսյանը հղում կատարեց ՀՀ օրենսդրությանը. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում որևէ տեղ նշված չէ, որ դպրոցի տնօրենն իրավունք չունի լինել դպրոցի անդամ: Չեմ կարծում, թե կան փաստեր, որ դպրոցի տնօրենները աշխատանքի ժամին քարոզչությամբ են զբաղված եղել: Աշխատանքի ժամին մենք կուսակցական գործունեությամբ չենք զբաղվում: ԱԺ ընտրություններին ես եղել եմ ՀՀԿ կուսակցության վարկանիշային թեկնածու, մեր ծնողներից շատերը դրա մասին անգամ տեղյակ չեն եղել»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում կառավարության կողմից մի շարք դպրոցների օպտիմալացման ծրագրում, մանավանդ, որ մտահոգություններ կան, որ այդ դպրոցների փակման հետևանքով կդատարկվեն մի շարք սահմանամերձ գյուղեր, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը չեմ հասկանում: Օպտիմալացնել կարելի է, Երևանում օպտիմալացրեք: Ոչ թե Երևանում ծնելիությունն է ավելացել, այլ մարզերից են լցվել Երևան: Եթե վարչապետը հստակեցնի, թե այդ 20 դպրոցները որ տարածաշրջանի որ մասում են, մենք կհասկանանք: Վարչապետի՝ երեկվա հերթական հանձնարարությունն ու հայտարարությունը շատ մտահոգող է»:

Արմինե Հովհաննիսյանն այս առիթով առաջարկ արեց. «Եթե գյուղերը մեկը մյուսից շատ հեռու չեն, որտեղ սովորում են քիչ աշակերտներ, կարող են պահել մեկ դպրոց և այդ տնտեսած գումարով տրանսպորտային միջոց պահել և երեխաներին տեղակայել մեկ դպրոցում: Որևէ կերպ չեն վտանգվի մարզերն ու երեխաները»:

Տիկին Բախշյանը փաստեց, թե այսօր էլ ՀՀ բյուջեում տրանսպորտային ծախսեր նախատեսված են, բայց իրականում այդ մեքենաները օրումեջ փչանում են, շարքից դուրս գալիս. ձյուն, անձրև: Եթե գյուղը դպրոց չունեցավ, ոչ մի ծնող չի մնա այնտեղ: Փոխանակ մտածեն՝ ոնց զարգացնեն գյուղը, մտածում են ոնց դպրոց փակեն: Սրանից ավելի մեծ վնաս, չգիտեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031