Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԴ դիմելու իմաստ չկա». ինչու է «Ելքը» դիմում ԿԸՀ, բայց ՍԴ հրաժարվում է դիմել

Մայիս 12,2017 13:22

Այսօր «Ելք» դաշինքը դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումը Երեւանի ավագանու ընտրություններում չեղարկելու համար:

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբը ոստիկանության եւ «Ելքի» կապարակնիքներով կնքվել է, քանի որ կասկածներ կան, որ այդտեղից Տարոն Մարգարյանին ընտրելու համար ընտրակաշառք է բաժանվել:

Այդ առնչությամբ այսօր «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ-ի մոտ ասուլիս էին հրավիրել:

Հարցին՝ ԿԸՀ-ն եթե չբավարարի ձեր դիմումը, Սահմանադրական դատարան դիմելո՞ւ եք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե չի կայացնում այդ որոշումը, մենք գնում ենք ընտրությունների: Մենք դիմում ենք հանրությանը: Եթե մեր վստահված անձանց նկատմամբ լինեն բռնություններ, եթե մեր օգտին քվեարկած քվեաթերթիկների գողություն լինի՝ դա լրիվ ուրիշ պրոցես է: ՍԴ դիմելու իմաստ չկա, եթե դու չգիտես, որ կոնկրետ տիրապետում ես իրավիճակին եւ հաղթելու ես ՍԴ-ում: ՍԴ-ն փաստացի իշխանության օգտին որոշում կայացնող մարմին է: Եթե մենք կլինենք իշխանություն եւ դրա անհրաժեշտությունը կունենանք՝ կքննարկենք նաեւ դա: Այն միջավայրում ՍԴ ինչ դիմենք»:

Հարցին՝ իսկ ԿԸՀ-ն այդպիսի մարմին չի՞ իշխանական՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն կարող է որոշում կայացնել ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից հետո, ասում են՝ «после драки кулаками не машут»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց Սահմանադրական դատարանը հանրությունն է:

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ԱԺ ընտրություններին վստահված անձանց չեն ծեծել, քվեատուփեր չեն գողացել, նման փաստեր չկան, դա է պատճառը, որ իրենք ասում են՝ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են ընտրական տեղամասում քաղաքացիների կողմից. «Հիմա մենք աշխատանք ենք տանում, որ այս ընտրություններին էլ նույն մեթոդաբանությունը չլինի: Եթե այդպես լինի, մենք ի՞նչը վիճարկենք, եթե մարդը իր կամքով գնում է փողը վերցնում եւ գնում է քվեարկության: Չի էլ փորձում ուրիշի օգտին քվեարկի: Ազնվությամբ քվեարկում է: Դրա ի՞նչն եք ուզում ՍԴ-ում վիճարկել»:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ամեն անգամ այդ ճանապարհով գնում են ու նույն տեղն են հասնում, հիմա իրենք այլ ճանապարհով են գնալու, որ ուրիշ տեղ հասնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031