Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ նախագահը Ա. Շաբոյանը Մրցակցության միջազգային ցանցի համաժողովում ներկայացրել է մուտքի խոչընդոտներին առնչվող գործեր

Մայիս 12,2017 13:03

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Պորտուգալիայի հանրապետություն: ՏՄՊՊՀ նախագահը Պորտուգալիայում մասնակցում է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին: Նշենք, որ կառույցը հարթակ է հանդիսանում ամբողջ աշխարհի մրցակցային մարմինների համագործակցության, ինչպես նաև տնտեսական մրցակցության ոլորտում առկա միջազգային համընդհանուր խնդիրների լուծման համար:

Ա. Շաբոյանը համաժողովում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ Մրցակցային մարմնի կատարած աշխատանքն ու առավել նշանակալի ձեռքբերումները: ՏՄՊՊՀ նախագահի ելույթի թեման առնչվել է Հանձնաժողովի գործունեության ընթացքում հաճախ հանդիպող մի խնդրի: Խոսքը վերաբերում է շուկա մուտքի խոչընդոտներին՝ այլ տնտեսվարողի ապրանքային նշանի օգտագործման կամ նմանակման միջոցով:

Որպես օրինակ, Ա. Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է ՏՄՊՊՀ վարույթում առկա մի քանի գործեր: Նա մասնավորապես անդրադարձել է օրերս ավարտված մի վարույթի, որտեղ քննվում էր «Անելիք Բանկի» բողոքն ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի: Խնդիրն այն է, որ Անելիք բանկը մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է նույն անվանումով ապրանքային նշանը և հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999 թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայք-էջը: Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը: Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստել է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլորեցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ «www.anelikbank.am» դոմենը  դա համանուն բանկի կայք-էջն է: Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց և հանձնարարվել է դադարեցնել կայքի գործունեությունը:

ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է նաև թեմային առնչվող մեկ այլ վարույթի: Խոսքը վերաբերում է «ՍԻԱ-ՖԱՐՄ» ընկերության դիմում-բողոքին: Ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ Հայաստան է ներկրում և իրացնում «Անտիգրիպպին-մաքսիմում» և «Անտիգրիպպին-ԱՆՎԻ» անվամբ դեղամիջոցները: Սակայն,  «Նատուր Պրոդուկտ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ը մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցել է «АнтиГриппин» («ԱնտիԳրիպպին») ապրանքային նշանը որպես իր սեփականություն, ինչը խոչընդոտներ է առաջացնում այդ անվանումով դեղորայքը ներկրող այլ տնտեսվարողների համար: Հանձնաժողովը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կայացված որոշմամբ ամրագրել է, որ «Նատուր Պրոդուկտ Ինտերնեյշնլի» նման վարքագիծը, իսկապես, կարող է սահմանափակել այլ տնտեսվարողների մուտքը շուկա: Գրանցելով տվյալ ապրանքային նշանը, վերջինս խոչընդոտում է այլ տնտեսվարողների կողմից «Անտիգրիպպին» անվանումն իր մեջ պարունակող դեղամիջոցների ներկրմանն ու վաճառքին, ինչը, բնականաբար բացասական է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա:

Համաժողովում, տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց փորձն ու առաջարկել խիստ մոտեցում ցուցաբերել այնպիսի տնտեսվարողների նկատմամբ, որոնք միտումնավոր գրանցում են որևէ ապրանքային նշան՝ շուկա մուտքի խոչընդոտ ստեղծելու նպատակով:

Համաժողովում ավելի քան 5 տասնյակ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները գնահատել են նախորդ տարիների գործունեության արդյունքները, քննարկել մրցակցային քաղաքականության, օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ծրագրել ու նախանշել են հաջորդ հանդիպման առանցքային թեմաներն ու ուղղությունները:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031