Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Ֆեյսբուքում ստատուսներ գրելով կամ լրագրողներին հարցազրույցներ տալով՝ քաղաքի խնդիրները չեն լուծվում». «Հայոց աշխարհ»

Մայիս 12,2017 12:57

Հարցազրույց Վանաձորի քաղաքապետ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ

-Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի 19 անդամները շարունակում են բոյկոտը: Ավագանու նիստերին նրանց չմասնակցելը չի՞ խոչընդոտում աշխատանքներին, չի՞ ստեղծում ճգնաժամային իրավիճակ:

-Հունվարից սկսեց գործել ՏԻՄ նոր օրենքը, որի համաձայն մենք արդեն երկու իրավազոր նիստ ենք գումարել. մեկը մարտի 31-ին, մյուսը՝ ապրիլի 18-ին: Նիստերին կանոնավոր ներկայանում են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 15 անդամները, ու աշխատանքային ճգնաժամի մասին խոսք չի կարող լինել:

Դեռ հոկտեմբերի 10-ից սկսած՝ մեր աշխատանքները բնականոն շարունակվում են, ճգնաժամ չկա, ես թույլ չեմ տա, որ նման բան լինի: Այս ամիսներին քաղաքապետարանի բոլոր ծառայությունները սովորական աշխատանքային ռեժիմով աշխատել են, եւ մեր հնարավորությունների սահմաններում նաեւ կարողացել ենք լուծել քաղաքում առկա շատ խնդիրներ:

Իսկ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի ու ՀՎԿ-ի անդամները, վաղ թե ուշ, պետք է մասնակցեն ավագանու աշխատանքներին, որովհետեւ իրենց ընտրվելու իմաստը ոչ թե նիստերը բոյկոտելն է, այլ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից դառնալը: Մանավանդ որ օրենքը ավագանու անդամներին պարտավորեցնում է մասնակցել նիստերին:

-Բոյկոտը մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել. դուք որպես քաղաքապետ փորձո՞ւմ եք բոյկոտող խմբակցությունների անդամների հետ խոսել, համոզել, մարդիկ գուցեեւ գիտակցե՞ն, որ այսպես չի կարելի շարունակել:

-Ճիշտն ասած, նման փորձեր եղել են, իսկ այժմ այլեւս ոչ մի քայլ չեմ անում այդ ուղղությամբ: Հիմա ավելի շատ զբաղված եմ քաղաքի խնդիրները լուծելով, ոչ թե այս կամ այն անձանց հետ ինչ-որ բանակցությունների մեջ մտնելով:

Եթե մարդիկ համառորեն շարունակեն չմասնակցել նիստերին, ապա օրենքը նաեւ որոշակի պատժամիջոցներ է նախատեսում, ու մենք կօգտվենք օրենքի ընձեռած հնարավորությունից եւ կորոշենք՝ ո՞ւմ զրկել կամ չզրկել մանդատից: Չի կարելի ժողովրդի քվեն քամուն տալ, չի կարելի ժողովրդի ձայները մսխել:

-Վանաձորի ավագանու անդամների թիվը 34-ն է, նրանցից 19-ը բոյկոտողներն են, իսկ մասնակիցների՝ ՀՀԿ եւ ՀՅԴ անդամների թիվը 15-ն է: Այսինքն՝ չունեք մեծամասնություն, հետեւաբար ունե՞ք իրավունք նիստեր գումարելու, որոշումներ կայացնելու: Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» հենց այս առումով պնդում է, թե ավագանու նիստերը ոչ իրավազոր են ու ապօրինի:

-Նոր ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածը հստակ նշում է, թե ավագանու նիստերը ե՞րբ են համարվում իրավազոր, ի՞նչ կարգով ու ձայների ի՞նչ հարաբերակցությամբ են ընդունվում որոշումները:

Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները, հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով:

Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, այսինքն՝ եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է: Այնպես որ մենք 9 հոգով էլ կարող ենք նիստ գումարել: Իսկ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների թիվը 15 է, նոր օրենքի համաձայն սա բավարար թիվ է նիստ գումարելու, որոշումներ, հայտարարություններ ընդունելու համար: Այնպես որ, մեր անցկացրած բոլոր նիստերն իրավազոր են: Ես գործում եմ օրենքի շրջանակներում:

-Ի դեպ, ԼՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել Սահմանադրական դատարան:

-ԼՀ-ն ուզում է ՍԴ դիմել իբր 16-րդ եւ 64-րդ հոդվածների միջեւ անհամաձայնությունները հարթելու համար: Դա իրենց աչքին տեսիլքի պես երեւացող մի բան է, իրականում իրենք օրենքը սուբյեկտիվորեն են մեկնաբանում, ուզում են օրենքի այն հոդվածը կիրառել Վանաձորի վրա, որը մեր քաղաքի հետ կապ չունի:

Բանն այն է, որ ՏԻՄ նոր օրենքը Վանաձորի ու Գյումրու նկատմամբ կիրառել է հատուկ կարգավորող նորմեր։ Դրանց շրջանակում են ներառված նաեւ Վանաձորի ավագանու նիստերի իրավազորությանը վերաբերող հարցերը: Ինչ վերաբերում է իմ եւ ավագանու կայացրած որոշումները վիճարկելուն, դա չեն կարող անել, որովհետեւ այն ամբողջովին տեղավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում:

Ես ավագանու ընդդիմադիր անդամներին խորհուրդ կտամ քաղաքի հարցերին վերաբերվել ավելի լուրջ, եթե իրավական դաշտում իրենք խնդիրներ ունեին լուծելու, կարող էին դա անել 5, 6, 7 ամիս առաջ: Ֆեյսբուքում ստատուսներ գրելով կամ լրագրողներին հարցազրույցներ տալով՝ քաղաքի խնդիրները չեն լուծվում:

Ինձ չի հետաքրքրում, թե իրենք ո՞ւր են ուզում դիմել, ո՞ւմ են ուզում դիմել, որեւէ մեկը իրենց քայլերը չի խոչընդոտում: Իսկ ես որեւէ մտավախություն չունեմ, դա իմ ոճին հարիր չէ, ու պաշտոնն ստանձնելուց հետո աշխատում եմ «հուզախառն» երեւույթներին չտրվել:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031