Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Ես մտահոգ եմ, թե ում ենք թողնելու մեր այս հրաշք երկիրը, որտեղ ես պիտի անցկացնեմ իմ ապագա կյանքը». «Իրատես»

Մայիս 12,2017 12:33

«Իրատեսի» հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանն է։

– Հայտնի խոսք է. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Այս ճշմարտությունն առնչվո՞ւմ է Ձեզ հետ։

– Այո՛։ Ես լիովին համաձայն եմ այդ խոսքի հետ։ Չես կարող քաղաքականությունից դուրս լինել, որովհետև ապրում ես, աշխատում ես, որ քո կյանքը, կենսակերպը լինեն լիարժեք, քիչ թե շատ ապահով։ Եվ այսպես, թե այնպես, առնչվում ես քաղաքականությանը։ Հատկապես՝ մեր երկրի քաղաքականությանը։ Եթե ինձ հարցնեք, թե ով է Ավստրիայի մշակույթի նախարարը, ես, թերևս, կդժվարանամ պատասխանել։

– Կանխեցիք իմ հարցը։ Փաստորեն, Ձեզ հետաքրքրողը միայն հայաստանյա՞ն ներքին խնդիրներն են։

– Այո՛։ Ոչ միայն ես, այլև հասարակությունն առհասարակ այդքան քաղաքականացված չէ դրսում։ Որովհետև նրանք ունեն իրենց գրված, կանոնակարգված օրենքները, որոնք գործում են բոլորի համար։ Այո՛, այնտեղ էլ կան երևույթներ, որոնց դեմ մարդիկ պայքարում են, ըմբոստանում են, բայց դա չի հասնում այն չափերի, ինչ մեր երկրում։ Եվ իմ մտահոգությունը տարբեր է Հայաստանի համար, որովհետև սա իմ երկիրն է, և ես իմ երկրի արժեքը գիտեմ։ Ես իմ երկրի յուրաքանչյուր քաղաքացու արժեքը գիտեմ և ուզում եմ  դա պահպանել։ Ես մտահոգ եմ, թե ում ենք թողնելու մեր այս հրաշք երկիրը, որտեղ ես պիտի անցկացնեմ իմ ապագա կյանքը։

Թեև ես ինձ երբեք չեմ համարել երկրից գնացած մարդ, բայց հիմա արդեն պատրաստվում եմ ընդմիշտ վերադառնալու։ Եվ ուզում եմ, որ երկիրս լինի հնարավորինս բարեկարգ, բարեկեցիկ, ապահով, ազնիվ, արդարացի։ Եթե երկրումս կա ինչ-որ խնդիր, ես պարտավորված եմ զգում արտահայտելու կարծիքս դրա մասին։ Երգչուհի, տնտեսագետ, բժիշկ, շինարար, ուսուցիչ, փիլիսոփա կամ մեկ այլ բան լինելուց առաջ պարտավոր ես մարդ լինել։ Եվ ես ցանկանում եմ իմ հարևանին, իմ գործընկերոջը, իմ հացթուխին, իմ խանութպանին երջանիկ տեսնել։

Ցավոք, ես չեմ կարող մասնակցել զանգվածային հավաքների։ Մասնագիտության բերումով միշտ ձայնս պահպանելու խնդիր եմ ունեցել։ Երգիչը պիտի պահպանի իր ձայնը, 1,5-միլիմետրանոց ձայնալարերը, որոնք կրում են իրենց վրա աշխատանքի ամբողջ ծանրությունը։ Ես չեմ կարող դուրս գալ փողոց, բղավել, կոչեր հնչեցնել։ Ես միշտ պիտի գիտակցեմ, որ երգելու եմ, փորձի եմ գնալու, հյուրախաղերի եմ մեկնելու։ Ես չեմ կարող այս ներքին կարգուկանոնից հրաժարվել։ Բայց չեմ կարող նաև լռել, և կարծում եմ, որ քիչ թե շատ հաջողությունների հասած ցանկացած հայ՝ ընդհանրապես և մասնավորապես, պարտավոր է խոսել անհանգստացնող երևույթների մասին։

 

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031