Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց ազատազրկման դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի եւ օպերատոր Գարիկ Ազիբեկյանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտած Սիրուշ Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն է գործադրել եւ խոչընդոտել է նաեւ «Ազատության» օպերատորի` Գարիկ Ազիբեկյանի մասնագիտական աշխատանքը:
Սիրուշ Հովհաննիսյանը Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց լրագրողից եւ օպերատորից պահանջել է դադարեցնել նկարահանումը եւ հեռանալ շտաբի տարածքից:
Անուշ Մկրտչյանը և Գարիկ Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գարիկ Ազիբեկյանին:
Դատարանի որոշմամբ, Սիրուշ Հովհաննիսյանը ազատազրկման դատապարտվեց երկու տարի ժամկետով, բայց Քրեական օրենսգրքի յոթերորդ հոդվածի կիրառմամբ, պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ լրագրող Անուշ Մկրտչյանն այս դատաքննությանը չէր ներգրավվել փաստաբան, մեզ հետ զրույցում զերծ մնաց որեւէ գնահատականից:
Հիշեցնենք նաեւ, որ Սիրուշ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտության՝ «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» հասցեատերն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ