Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակահայկականության արտահանումը. «Հայոց Աշխարհ»

Մայիս 12,2017 11:38

Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի զույգ մայրաքաղաքներում տեղի ունեցած «Անմահ գնդի» երթերի ժամանակ, ոչ անհայտ Փոլադ Բյուլբյուլօղլուի գիտությամբ, ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքները՝ գումարվելով Թարթառի շրջանում վերջերս բացահայտված «հայկական լրտեսական ցանցի» մասին տեղեկատվությանը, հստակորեն լուսարձակում են այդ երկրի ղեկավարությանը համակած տրամադրությունները։

Սրանք պաշտոնական Բաքվի պահվածքի նոր դրսեւորումներ են, որոնց ընկալումն ու վերլուծությունը խիստ անհրաժեշտ է հակազդման համապատասխան եղանակներ մշակելու համար։ Քանզի այս ամենից արդեն կարելի է եզրահանգել, որ մեր հակառակորդն իսկապես որ լրջագույն փակուղու մեջ է հայտնվել, որից դուրս գալու համար շատ կցանկանա, որ մենք «խիստ կարեւորենք» իր քայլերը։

Անցած տասնամյակներին Ադրբեջանում այնքան մեծ ծավալի ու խորության հակահայկական քաղաքականություն է իրականացվել, որ այժմ այդ երկրի իշխանություններն իրենք են դարձել սեփական գործողությունների ու քարոզչության պատանդը։ Այսինքն՝ շարքային ադրբեջանցին երկուս ու կես տասնամյակ անընդհատ լսել է, որ հայերն աշխարհի ամենավտանգավոր ու արյունռուշտ էակներն են, որոնք զօր ու գիշեր մտածում են միայն իր արյունը խմելու մասին, որ ներկա Հայաստանի տարածքները իրականում «պատմական ադրբեջանական հողեր» են՝ չխոսելով արդեն Ղարաբաղի մասին, եւ որ հայերն ունեն հզոր լոբբի, որը կարողացել է համոզել գերտերությունների ղեկավարներին՝ Ղարաբաղի հարցում ադրբեջանանպաստ քայլերի չդիմելու հարցում եւ այլն, եւ այլն։

Բայց դրանից հետո ուրիշ ինչո՞վ խաբել սեփական հանրությանը, քանզի 2016-ի ապրիլից միջազգային հանրությանն այլեւս խաբել հնարավոր չէ։ Վերջինս միանշանակ խաղաղություն է պահանջում, որը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության մեխանիզմների ձեւավորման վրա։

Ավելին՝ փակվել է նաեւ դրանք շրջանցելու եւ փոքր դիվերսիոն պատերազմներ մղելու հնարավորության դաշտը, որովհետեւ տեսադիտարկման սարքերի տեղադրումից հետո ադրբեջանական դիվերսանտները հեշտությամբ բացահայտվում են ու վնասազերծվում՝ չհասցնելով որեւէ շոշափելի վնաս տալ մեր դիրքապահներին։

Դրա փոխարեն Տավուշի մարզի բնակավայրերը ռմբակոծելու մարտավարությունը նույնպես լավ հետեւանքներ չի խոստանում, քանի որ հայկական ուժերը նույն տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում կարող են նշանառության տակ առնել շատ ավելի խիտ բնակեցված ու հարթավայրային տեղանքում գտնվող Ղազախի կամ Թովուզի շրջանները։

Ուրեմն ի՞նչ. պատերազմը հետաձգվում է անորոշ ժամանակով, համենայն դեպս ներկա հանգրվանում դա ուղղակի արգելված է, իսկ խաղաղության ու փոխզիջման մասին Բաքվում լսել իսկ չեն ուզում։ Ավելին՝ երկրի տնտեսական վիճակը վատանում է, ռազմական ծախսերը՝ կրճատվում։

Այնպես որ Ադրբեջանում ուժեղանում է ներքին դժգոհությունը, բայց այն հայերի ու Հայաստանի դեմ ուղղելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Ստեղծվել է մի իրադրություն, երբ տասնամյակներ շարունակ քարոզված հակահայկականությունը օբյեկտիվորեն սկսում է գործել հենց իրենց՝ քարոզիչների դեմ։ Ատելության հիմքի վրա դաստիարակված ադրբեջանական հասարակության արմատական մասը ներկայումս կոնկրետ գործողություններ է սպասում, սակայն իշխանությունները քաջ հասկանում են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ չթույլատրված պատերազմը։ Իսկ ահա շարքային ադրբեջանցիների մեծ մասի համար կարեւորը սեփական լոլիկի կամ խնձորի վաճառքն է։

Պաշտոնական Բաքուն փորձում է ինչ-որ խնդիրներ հորինելով՝ «զբաղեցնել» սեփական հանրությանը, որն այլեւս չի հասկանում շարունակվող աբսուրդի պատճառները։ Ավելին՝ իբր ահաբեկչական ակտեր նախապատրաստող հայերի հետ կապված Թարթառի դավաճանների հարցը նույնպես հարմար «մաստակ» է՝ հանրությանը կարճ ժամանակով զբաղեցնելու համար։

Բայց դա էլ հղի է վհուկների որսի սանծազերծման վտանգով, քանզի երբ ռեժիմի հակառակորդները վերածվում են օտարերկրյա գործակալների, սկիզբ է առնում պետության ինքնաոչնչացման գործընթացը։ Այդ պատճառով զավեշտին հավաստիություն հաղորդելու համար արդեն ասպարեզ է նետվում այն վարկածը, որ Թարթառի շրջանում «հայկական լրտեսական ցանցի» բացահայտումը տեղի է ունեցել… «Մոսադի» օգնությամբ։

Նման պայմաններում օրինաչափ է, որ երկրի ներսում ու սահմանների վրա համապատասխան թիրախների նվազմանը զուգընթաց՝ Ադրբեջանի ողջ քարոզչությունը սկսել է ավելի ինտենսիվորեն զբաղվել հակահայկականության «արտահանմամբ»։ Հայաստանի կամ հայության մասին հայկական համայնքների կողմից արտասահմանում կազմակերպվող ամեն մի միջոցառում առիթ է դառնում, որ համապատասխան զեկուցագիր ուղարկվի Բաքու եւ դրա հիման վրա մշակվեն ու իրականացվեն հակազդման որոշակի քայլեր։

Բանը հասել է նրան, որ Բաքուն փորձում է անգամ գրաքննություն հաստատել արտասահմանում Հայաստանի կամ Արցախի մասին տպագրվող հրատարակությունների վրա։ Օրինակ, պարզվում է, որ դրանցից մեկի՝ «Ազոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» հնագիտական նյութերի ժողովածուի հրատարակությունը կասեցնելու համար եվրոպական երկրներում հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի արտգործնախարարությունը, որի պատճառով գիրքը լույս է տեսել մեկ տարի ուշացումով։
Հասկանալի է, որ հայերի դեմ պայքարն արտասահմանում ծավալելու հարմար առիթներ էին նաեւ Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպված երթերը, որոնցում սպասվում էր Արցախի դրոշի ծածանումը։ Ուստի մայիսի 9-ին ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական հրոսակախմբերը հարձակումներ գործեցին հայկական շարասյուների վրա, բայց ի պատիվ մեր հայրենակիցների՝ երկու դեպքում էլ հակահարված ստացան ու փախուստի դիմեցին։

 

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031