Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանին»՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Մայիս 12,2017 11:27

Ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային դրույթները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև բյուջեի և հարկային քաղաքականության իրականացմանը:

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ

Համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բնորոշման` կոռուպցիան Հայաստանում համարվում է «էնդեմիկ եւ համատարած երեւույթ, որը թափանցել է հասարակության բոլոր ոլորտները»: Հայաստանում առկա կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ զեկույցներ են հրատարակել նաեւ այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են` «Կովկասյան բարոմետր»-ը, «Բաց հասարակության ինստիտուտ»-ը, «Policy Forum Armenia»-ն, որոնք գրեթե նույն պատկերն են արձանագրում:

Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը եւ ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի եւ հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային եւ համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու համակարգեր, այդ թվում` ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ: Ներկայիս համակարգը, երբ ամբողջ հարկերը գնում են պետական բյուջե, իսկ այնտեղից դոտացիաների ու սուբսիդիաների ձեւով վերադարձվում համայնքներին, արդյունավետ չէ։

Այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարությունից։ Այս համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է համայնքային զարգացմանը եւ թուլացնում նրանց ինքնակառավարումը։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, կխթանի համայնքների զարգացումը, այդ թվում նաև`Երեւանի:

Անհամաչափ զարգացումը մեր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած` համախառն մարզային արդյունքը մեկ շնչի հաշվով մինչև 5 անգամ տարբերվում է` Երեւանի համեմատությամբ։ Արդյունքում`՝ առկա է ահռելի ներքին միգրացիա. գյուղերը դատարկվում են, ինչին զուգահեռ Երեւանի ենթակառուցվածքներն են գերծանրաբեռնվում:

Զգալիորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը` այն տարբերակելով ըստ գույքի չափերի եւ գոտիականության (տարածքային գործոն)։ Առանձին գույքային համալիրների նկատմամբ (ավելի քան 500-1000 քառ. մետր) գույքահարկի դրույքը կարելի է սահմանել մինչև արժեքի 1%-ը։

Հարկային քաղաքականության եւ բյուջեի ձեւավորման հիմնական խնդիրներն են.

• համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդնում,
• տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի եւ եկամտահարկի 50%-ը պետք է թողնել համայնքներին,
• խոշոր գույքի հարկի բարձրացում,
• օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհման, պատվերների ընդունման եւ գնումների մասնակցության բացառում,
• շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխման օրենսդրական փոփոխություններ,
• խստացնել անավարտ շինարարության հարկումը,
• կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ,
• կանխել կապիտալի սառեցումը շինարարության ոլորտում:

Հանրային գնումների արդյունավետ համակարգի ներդրումն ունի մեծ ազդեցություն ցանկացած երկրի կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա: Հայաստանում հանրային գնումների ոլորտում շրջանառվող մեծ գումարները պարարտ հող են հանդիսացել զանազան չարաշահումների եւ կոռուպցիոն դրսեւորումների համար: Դրա մասին են վկայում թե՛ հայաստանյան մամուլում վերջին տարիներին տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, թե՛ հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցները եւ թե՛ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի` Երեւանի քաղաքապետարանի կողմից ավտոճանապարհների, փողոցների եւ մայրուղիների կառուցման, վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների համապատասխանելիության վերաբերյալ զեկույցը: Հանրային գնումների համակարգը Երեւանի քաղաքապետարանում չի կազմակերպվում գնման գործընթացի միասնական կանոններով` մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով:

Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրային գնումների ոլորտում կարեւոր եւ առաջնային խնդիրներն են.

• բացառել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ մասնավորապես «Գնումների մասին» օրենքի խախտումները,
• հանրային գնումների շրջանակներում աշխատանքներն իրականացնելիս` բացառել աշխատանքների կատարման վայրերի, ծավալների եւ տեսակների փոփոխությունները,
• պայմանագրերում հստակ նշել կատարման ենթակա աշխատանքների ծավալները,
• բացառել առանց ծագման հավաստագիր ունեցող ապրանքների օգտագործումը,
• աշխատանքներն ընդունել միայն օրենքով սահմանված` իրավական նորմերով եւ կանոններով նախատեսված բոլոր ստուգումներն իրականացնելուց հետո։

 

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031