Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլը հռետոր է, Զարուհին սփյուռքահայերի սրտի թելերին է դիպչում, Տարոն Մարգարյանը՝ արժանավոր մարդու զավակ»

Մայիս 12,2017 18:00

Քաղաքապետի երեք թեկնածուներին բնորոշում են մասնագետները

Քաղաքապետի աթոռի համար պայքարող երեք քաղաքական ուժերի թեկնածուները` ՀՀԿ-ից Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, արդեն մեկ ամիս է՝ երեւանցիների սրտով խոստումներ են շռայլում: Մեկը հարկատուների հաշվին պահվող քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվն է էականորեն կրճատում, մյուսը խոստանում է ընտրվելու դեպքում քաղաքապետարանում կադրային ջարդ չանել, երրորդ թեկնածուն էլ վստահեցնում է, որ հասարակական տրանսպորտի ներկայիս ցանցն իրեն սպառել է, եւ միասնական տոմսային համակարգ ներդնելով՝ այս ոլորտը ոտքի կկանգնեցնի ու քաղաքացիներին քաղաքակիրթ ծառայություն կմատուցի:

«Առավոտը» մասնագետներից հետաքրքրվեց, թե կերպարային ինչպիսի առանձնահատկություններ ունեն երեք թեկնածուները:

«Նիկոլը հռետոր է՝ խոսքի վարպետ, բայց նրա` կառավարչի, գործչի դրսեւորումների մասին ժողովուրդը գրեթե պատկերացում չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, սիրում է աժիոտաժներ անել, բարձրագոչ հայտարարություններով հանդես գալ, բայց բավական հավասարակշռված մարդ է. «Չնայած որոշ դեպքերում իրեն թույլ է տալիս արտիստիզմ դրսեւորել եւ այլն, բայց դա ավելի շատ ուղղակի նրա ոճն է, այսպես ասած, ընտրազանգված գրավելու համար է: Նա այնպիսի թեմաներ է բարձրացնում, կոշտ քննադատություններ անում, որով եւ հայտնի է, բայց այդ ամենը տպավորություն թողնելու համար է: Իրականում բավական հավասարակշռված է եւ կործանարար, սխալ քայլերի չի գնա ո՛չ իր, ոչ էլ կուսակցության համար»:

Հոգեբանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «մի քիչ իր ձայնի վրա աշխատի»:
Հայկ Կիրակոսյանի բնութագրմամբ՝ Զարուհի Փոստանջյանը շահում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լինելով. «Շատերն ասում են՝ Զարուհուն եմ ընտրելու, որ էդ աղջկա դուխը չընկնի: Ջենտլմենություն են անում»:

PR-ի մասնագետը կարծում է, որ քարոզչական առումով, իհարկե, ավելի վառ անհատականություններ են Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը. «Հակառակ դեպքում կկայանար այն բանավեճ-հանդիպումը, որ սպասվում էր իշխանական թեւի եւ ընդդիմության միջեւ»:

Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը «լրիվ ազգային շեշտադրմամբ է» եւ անգամ սփյուռքահայերի սրտի թելերին է դիպչում:
Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանի պարագայում նրա օգտին խոսում է արժանավոր մարդու զավակ լինելու հանգամանքը, սակայն որոշ բաներ էլ նրա դեմ են. «Մարդիկ վաղուց սպասում են մետրոյի նոր կայարանների, սպասում են, որ քաղաքի կենտրոնի անցումները հանրային զուգարաններ չեն լինի, վերելակները սարսափ ժանրից չեն լինի»:
Սամվել Խուդոյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանը, որպես անձ, «շատ հավասարակշռված, շատ հայրենասեր մարդ է», բայց քանի որ ՀՀԿ-ի արժեքները կրողն է, նրա արժեքները դառնում են անընդունելի:

«Տարոն Մարգարյանին ավելի շուտ կարելի է բնութագրել ՀՀԿ, ոչ թե Տարոն Մարգարյան: Նա ՀՀԿ-ի տիպիկ կերպարներից է, Սովետական միության իշխանավորների կերպարով»,- ասում է հոգեբանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետության հարցերը մեզ մոտ սովորաբար գնահատվում են աղբահանություն կամ մեկ այլ գործ անել-չանելով, սակայն քաղաքապետության հիմնական խնդիրը, ըստ Սամվել Խուդոյանի, կոռուպցիան է ու թալանը. «Որ ասում եմ՝ ՀՀԿ-ի տիպիկ ներկայացուցիչ, հենց դա նկատի ունեմ: Այսինքն` նա այդ արժեքների կրողն է»:
Հոգեբանը քաղաքապետի դերում Զարուհի Փոստանջյանին չի տեսնում, սակայն որպես պատգամավոր բարձր է գնահատում նրա արած գործը. «Նա էմոցիոնալ, հուզական ուղնուծուծով կին է: Ես Զարուհի Փոստանջյանին չեմ կարողանում ընկալել այդ պաշտոնում, բայց գնահատում եմ նրա բաց խոսելը, անկեղծ լինելը, բայց նման պատասխանատու պաշտոնի` Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար ադեկվատ կերպար չէ»:

PR-ի մասնագետը կարծում է, որ խոսքի առումով հետաքրքիր է Զարուհի Փոստանջյանի, Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ, իհարկե, Լեւոն Իգիթյանի վիրավորանքները, որոնք կարծես թե գալիս են փոխարինելու Տարոն Մարգարյանի խոսքին: Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանը հեռու է հռետոր լինելուց:

Հայկ Կիրակոսյանը երեք թեկնածուների քարոզչական գույները նույնականացնում է. «Բոլորն այս անգամ սիրահարվել են ծիրանագույնին: Լոզունգները, որպես այդպիսին, չհիշվող են կամ ոչ կոնկրետ: Այս անգամ ընտրությունները ձանձրացնելու աստիճան անհետաքրքիր են, եւ դրական էմոցիաների համար որեւէ իրոք հետաքրքիր հնարքներ չեն արվում: Այլ էր ԱԺ ընտրությունների պարագայում, որտեղ կրկեսային ժանրի բոլոր համարներին ականատես եղանք: Արդյունքում շատ հավանական է, որ այս ընտրություններին մասնակիցների թիվը նախասահմանված չափից էլ քիչ լինի»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սփիւռքահայերի սրտի թելերի՞ն…

    երեւի միայն այն սփիւռքահայերին, որոնք երբեւիցէ ոտք չեն կոխած Հայաստան կամ Արցախ

    եւ որոնք հետեւաբան կ’ապրին միայն հայկական երազների մէջ, բացառապէս վերացական աշխարհում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031