Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն կխփի ՀՀԿ-ն

Մայիս 12,2017 17:30

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ
Էդուարդ Շարմազանովը նախընտրում է «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» ծրագրերի մասին լռել:

– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ավարտվեց. ինչպիսի՞ն էր, ըստ Ձեզ, քարոզարշավը:

– Նորմալ քարոզարշավ էր: Ինչպես եւ շտաբը պլանավորել էր, մենք քաղաքապետի մեր թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ իրականացրել ենք ակտիվ, ուղիղ քարոզարշավ: Աշխատանքային քարոզարշավի ավարտից հետո մեր թեկնածուն օրական 5-6 հանդիպումներ է ունեցել, ներկայացրել ենք մեր իրականացրած աշխատանքը` հաշվետվություն ենք տվել ընտրողներին, ներկայացրել ենք նաեւ մեր ռազմավարական ծրագիրը` 2018-22 թվականների համար: Ընդհանուր առմամբ, դրական եւ կառուցողական ենք գնահատում քարոզարշավի ընթացքը:

– Այն ամենը, ինչ որ պլանավորել էիք ընտրողին հասցնել՝ կարողացա՞ք հասցնել:

– Այո: Ներկայացրել ենք մեր ծրագրերը, հանդիպումներ եւ զրույցներ ենք ունեցել բակերում՝ ընտրողների հետ, փորձելով անկաշկանդ եւ անկեղծ ներկայացնել մեր պատկերացումները, լուծման ուղիները:

– Իսկ բակային շփումներից, խոսակցություններից ի՞նչ տպավորություն եք ստացել, երեւանցիները հասկացա՞ն, ընկալեցի՞ն ձեր ասածները, կվստահե՞ն ՀՀԿ-ին: Մարդիկ իրապես դժգոհություններ ունեն եւ հենց այդ հանդիպումների ժամանակ էլ հաջողում էին ներկայացնել դրանք ՀՀԿ-ի թիմին:

– Բնականաբար, դժգոհություններ բոլորն ունեն, բայց դժգոհողների հետ միասին կան անհամեմատ ավելի մեծ թվով երեւանցիներ, ովքեր նկատում են նաեւ դրական փոփոխությունները: Եթե ուշադիր եք հետեւել քաղաքապետի մեր թեկնածուի այցերին, ապա նկատած կլինեք, թե մեր հասարակությունն ինչքան դրական է գնահատում նրա կատարած աշխատանքը: Պարզապես, թերությունների հետ լավն էլ է պետք տեսնել: 2016-17 թվականների Երեւանը համեմատելու համար պետք է ետ գնալ եւ տեսնել, թե ի՞նչ խնդիրներ կային այն ժամանակ, հիմա դրանք կա՞ն, թե` ոչ: Օրինակ, կանաչապատ տարածքներն են անհամեմատ ավելացել, խաղահրապարակները, չորրորդ աստիճանի վթարային շենքերի խնդիրն է լուծվել: Դա շատ կարեւոր խնդիր էր, հիմա չորրորդ աստիճանի վթարային շենք մայրաքաղաքում չկա եւ այլն: Ներկայումս, հիմնականում երկու մեծ խնդիր կա` տրանսպորտը եւ վերելակային տնտեսությունների թարմացումը: Մենք երկու դեպքում էլ ներկայացրել ենք լուծման մեր պատկերացումները:
Կարող եմ ասել, որ Տարոն Մագարյան-երեւանցիներ շփումը, ինչպես եւ սպասվում էր, անկաշկանդ էր, հասկանալի էր եւ փոխադարձ ըմբռնումով:

– Երեւանի բյուջեն 87 միլիարդ դրամ է, տարբեր փորձագետներ, ձեր ընդդիմախոսները կարծում են, որ եթե այդ գումարները չմսխվեին, չգողացվեին, չյուրացվեին, շատ ավելին կարելի էր անել, քան արվել է:

– Նախընտրական պայքարը զերծ չէ քաղաքական-նախընտրական երանգներից, որտեղ առկա է նաեւ հակաքարոզչություն: Ուստի, ես ձեռնպահ կմնամ նման հակաքարոզչական ելույթներին պատասխանելուց: Ամսի 14-ին երեւանցին իր ընտրությամբ թող որոշի` արդյունավե՞տ են աշխատել, թե` ոչ: Երեւանցու ցանկացած որոշում մեզ համար ընդունելի է: Հուսով ենք, որ երեւանցին իր «այո»-ն կասի ՀՀԿ-ի եւ նրա թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին:

– Ձեր կարծիքով, այս անգամ ինչքա՞ն կխփի ՀՀԿ-ն:

– ՀՀԿ-ն կհավաքի այնքան ձայն, ինչքան ձայն տան երեւանցիները:

– Համամի՞տ եք «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ, որ 15-հազարական դրամների սոցիալական օգնության մասին «Ելք»-ի առաջարկը քրեորեն պատժելի է:

– «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» ծրագրերի մասին նախընտրում եմ լռել: Մենք ունենք մեր ծրագրերը, մեր ժողովրդին ներկայացնում ենք մեր ծրագիրը: Այլ թեկնածուների ծրագրերից չենք խոսում: Մենք գործում ենք` հանուն Երեւանի:

– Իբրեւ ՀՀԿ-ի շտաբի պետ չե՞ք պատրաստվում դիմել ԿՀԸ նախագահին` անօրինականությունը կանխելու համար:

– Մենք զբաղված ենք մեր քարոզարշավով, որը ուղղված է բացառապես մեր ծրագիրը ներկայացնելուն, երեւանցիների հետ շփվելուն, խնդիրները վեր հանելուն, լուծման ճանապարհներ առաջարկելուն: Մենք գնում ենք հանուն Երեւանի, եւ վերջին օրերին էլ չենք փոխելու մեր քարոզչական մարտավարությունը:

– Հանուն Երեւանի հանդուրժելո՞ւ եք փաստացի ընտրակաշառքների մասին խոստումները:

– Ընտրակաշառքների վերաբերյալ հաղորդումները դուք` լրագրողներդ, նաեւ իբրեւ ակտիվ քաղաքացիներ, կարող եք բարձրաձայնել եւ ներկայացնել իրավապահներին:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031