Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔ»-ն օրինականացնո՞ւմ է ընտրակաշառքը

Մայիս 12,2017 17:00

Դաշինքի աղմկահարույց առաջարկը միանշանակ չի ընկալվում, թեեւ «ԵԼՔ»-ի առաջնորդները պնդում են, որ այն նպատակ ունի վերջ տալ ընտրակաշառքի արատավոր երեւույթին:

Այս օրերին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի (եւ ոչ միայն) շրջանակում քննարկվող թեման «ԵԼՔ» դաշինքի նոր նախընտրական առաջարկն է՝ Երեւանի ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում 15 հազար դրամ տրամադրել սոցիալական աջակցության կարիք ունեցող այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք չեն վերցնի: Ըստ «ԵԼՔ»-ի՝ այդ գումարը տրվելու է Երեւանի բյուջեից, իսկ քաղաքացին պետք է դիմում գրի, որ ընտրակաշառք չի վերցրել ե սոցիալական աջակցության կարիք ունի: Շատերը կարծում են, որ սա ընտրակաշառքն օրինականացնելու փորձ է: «Առավոտի» հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն ընդգծում է. «Ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ…Թեեւ «ԵԼՔ»-ն ասում է, որ դա սոցիալական աջակցություն է եւ չի կարող ընկալվել որպես ընտրակաշառք, բայց խնդիրը հետեւյալն է. «ԵԼՔ»-ն ասում է, որ իր ընտրվելու դեպքում միայն կիրականացնի այդ ծրագիրը, այսինքն, մարդկանց շահագրգռում է, որ քվեարկեն իր օգտին՝ գումարի ակնկալիքով: Դա, կարելի է ասել, հակասում է օրենքին»:

Արմեն Գրիգորյանի բնորոշմամբ՝ «ԵԼՔ»-ի առաջարկն իր բնույթով ընտրակաշառք է. «Պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀԿ-ն նման առաջարկ աներ…»:

Այս առնչությամբ «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հետեւյալն էր ասել. «Պետք է տարբերել, թե ինչ է ընտրակաշառքը եւ «ԵԼՔ»-ի նախագիծը։ Գնահատականը պետք է կոռեկտ լինի: Ընտրակաշառքը Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է, հետեւաբար արվում է գաղտնի: Ընտրակաշառք բաժանելու համար որեւէ մեկը ասուլիս կանի՞…Դա օրինական կլինի, եւ Երեւանի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հակադրված քաղաքացիներին» կետը»:


Արմեն Գրիգորյանը, սակայն, նկատում է. «Այստեղ ընդդիմության կողմից ֆինանսական միջոցների տնօրինման հանդեպ վերաբերմունքի խնդիր կա: Իրեն ընդդիմադիր հռչակած ուժը փորձում է համապետական միջոցներն օգտագործել որպես ընտրակաշառք:

Ընտրակաշառք խոստանալը թաքնվում է սոցիալական նպաստի անվան տակ»:
Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «ԵԼՔ»-ի նշյալ նախագիծը հնարավորություն է՝ ազատագրելու մարդկանց ընտրակաշառքի ճիրաններից: Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարեցին, որ քաղաքացիների ազնվությունը ստուգելու կարիք չկա, նրանք վստահում են ընտրողներին: Այնուամենայնիվ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի տեսնում հստակ մեխանիզմ՝ ինպե՞ս է «ԵԼՔ»-ը համոզվելու, որ քաղաքացին չի ստում, որ վերջինս իսկապես հրաժարվել է ընտրակաշառքից:

«Պարզապես այս ամենը, կարծում եմ, իրականանալի չէ: Նախընտրական տեխնոլոգիա է, ոչ ավելին: Մի կոռուպցիոն դրսեւորումը մեկ այլ բանով են փոխարինում, ասելով՝ եթե նա չեք վերցնում, մենք կտանք…դա զուտ պոպուլիստական բան է, որն անհրաժեշտ էր ասել նախընտրական շրջանում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ այս նախաձեռնությամբ «ԵԼՔ» դաշինքն օրինականացնում է կաշառքը. «Այն դժվար է ընկալել որպես հակակոռուպցիոն պայքարի ձեւ: Սա քարոզչական հնարք է՝ միտված ՀՀԿ-ից հոգնած՝ բողոքական ընտրազանգվածին»:
Ի դեպ, երբ օրերս լրագրողներից մեկը հետաքրքրվել էր՝ «ԵԼՔ»-ը մտավախություն չունի՞, որ ԿԸՀ-ն այս առաջարկը կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «թող փորձեն»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Առավոտին» հայտնեցին, որ հարցն ուսումնասիրման փուլում է:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031