Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կլինի գյուղի վիճակը, եթե դպրոցը փակվի, ու դա այն դեպքում, որ շատ գյուղերում դպրոցը կյանք ցույց տվող քիչ թե շատ միակ մարմինն է. Սերոբ Խաչատրյան. «Հրապարակ»

Մայիս 12,2017 10:24

Հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիրը։ Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, իսկ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450։

«Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում եւ տնտեսված միջոցները, որպես բոնուս, ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը, ով արդեն կառավարության երեկվա նիստում ԿԳ նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եւ ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։ Ինչպես նաեւ երկամսյա ժամկետում ԿԳՆ-ն ֆինանսների նախարարության հետ պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձեւը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխումը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, օպտիմալացումն ինչ-որ մի փուլում պետք է անել, որովհետեւ աշակերտների թիվը Հայաստանի դպրոցներում այս 25 տարում 300 հազարով պակասել է, իսկ դպրոցների թիվը մնացել է նույնը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ գումարն արդյունավետ ծախսելու խնդիր կա, այդ տեսանկյունից օպտիմալացումը նորմալ է գնահատում. «Բայց խնդիր է, թե ինչի համար ենք դա անում, այսինքն՝ եթե պետք է մի քանի հոգու կրճատենք, որպեսզի մյուսների աշխատավարձը չնչին բարձրացնենք, հանուն դրա չարժե համակարգը ցնցել, բայց եթե մենք այդ օպտիմալացման արդյունքում համակարգից դուրս թողնենք վատ աշխատող ուսուցիչների կամ ավելի խելամիտ ձեւով դա անենք, այդ դեպքում արժե։ Եթե նպատակը լինելու է այն, որ երեխաներն ավելի լավ կրթություն ստանան, արժե դա անել, եթե մի քանի հոգու պետք է հանենք, դրա համար ուղղակի չարժե համակարգը ցնցենք»։

Ինչ վերաբերում է գյուղական դպրոցներին, ըստ նրա, դա ամենանուրբ հարցն է, որտեղ պետք է շատ զգույշ լինել. «Ինչ կլինի գյուղի վիճակը, եթե դպրոցը փակվի, ու դա այն դեպքում, որ շատ գյուղերում դպրոցը կյանք ցույց տվող քիչ թե շատ միակ մարմինն է։ Եթե դա էլ ենք փակում, գյուղն արդեն կմեռնի, կամ եթե փակում ենք, պիտի նայենք, թե ճանապարհը ոնց է, կարող է կողքի գյուղ տանող ճանապարհ չկա։ Այդ ամեն ինչը պետք է անընդհատ նայել ու շատ զգույշ լինել։ Բայց պարզ է նաեւ, որ ինչ-որ կառավարություն ինչ-որ մի օր սա պետք է անի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031