Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ տարվա ընդմիջում

Մայիս 12,2017 10:15

Այսօր քարոզչության վերջին օրն է: Քաղաքական ուժերը վերջին անգամ իրենց բոցաշունչ ճառերը կարտասանեն, հմուտ հռետորներն իրենց բաժին լաչառությունը կանեն: Եվ վերջ: Վերջ ոչ միայն Երեւանի ավագանու ընտրարշավին, այլեւ ընդհանրապես բոլոր տեսակի ընտրարշավներին: Ընդմիջում՝ հինգ տարով: Խորհրդարանում, իհարկե, նույնպես ճառեր են արտասանվելու: Բայց՝ ոչ այդքան հաճախ ու ոչ այդքան ամպագոռգոռ՝ Ազգային ժողովն ընտրարշավ չէ, այստեղ ամեն օր կոկորդ պատռելու առիթ չկա:

Երեկ ընկերներիցս մեկը հռետորական հարց տվեց՝ իսկ ինչու է այդ ամենը դարձել այս աստիճանի տաղտկալի եւ անմակարդակ: Պատասխանն, ինձ թվում է, ակնհայտ է. պահանջարկն է ծնում առաջարկ: Մարդկանց հրամցվում է այն, ինչ նրանք ցանկանում են լսել: Եթե ես խոսեմ սիրո, հանդուրժողականության, մեծահոգության մասին, ինձ վրա միանգամից կուղղվեն հարյուրավոր չարացած հայացքներ, ու նույնքան մարդ կսկսի «ֆշշացնել»: Եթե խոսեմ գյուլլելու, վառելու, ջարդել-փշրելու մասին, միանգամից կարժանանամ բուռն ծափահարությունների: Հասարակության լյումպենացումը բերում է նաեւ հասարակական մտքի լյումպենացման: Այնպես որ, այդտեղ ոչ մի գաղտնիք չկա՝ մենք նույն շրջապտույտի մեջ ենք:

Իշխանության ներկայացուցիչները, որպես կանոն, անհոդաբաշխ են, դանդաղամիտ եւ անտրամաբանական՝ մի խոսքով, «համապատասխան» են ու «ինքնըստինքյան»: Ընդդիմադիրները խիստ են, խարազանող, կարգախոսային, կարճ ասած՝ «հաղթելու են», իսկ «ռեժիմը խուճապի մեջ է»: Եթե խորհրդարանական ընտրարշավում այդ ոճը քիչ թե շատ տեղին էր, ապա Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում այդ տիպի կարգախոսները բավականին արհեստական են: Այս ընտրությունների թեման, այնուամենայնիվ, այլ է:

Ընտրելով Ազգային ժողովի մաս կազմելու հայտ ներկայացնող քաղաքական ուժին՝ ես ընտրում էի գաղափարախոսությունը, ոչ թե մարդկանց, եւ դրա համար էլ ընտրեցի «Ազատ դեմոկրատներին»: Եթե ես ընտրեի Երեւանի քաղաքապետ, ապա ուզած-չուզած պետք է ընտրեի մի մարդու, որը մյուսների համեմատ ավելի արդյունավետ կղեկավարի քաղաքը: Նա կարող է լինել կոմունիստ, հնչակ եւ «Հայ արի»: «Խուճապային» կամ «ռեժիմային» բացականչություններն այս պարագայում թեեւ շարունակում են դուր գալ լյումպենացված զանգվածին, բայց մի տեսակ տեղին չեն:

Ես Երեւանի ավագանի չեմ ընտրելու, որովհետեւ մայրաքաղաքի բնակիչ չեմ: Իսկ խորհուրդներ տալ, կոչեր անել չեմ ուզում՝ դրանով թող զբաղվեն քարոզիչները: Փոխարենը ես ուրախությամբ արձանագրում եմ՝ մոտակա հինգ տարում ընտրություններ չեն լինելու: Հուսով եմ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարեւոր չէ, թե ով կընտրվի, կարեւորն այն է, որ ընտրյալը լինի կառավարելի ազգի կողմից, իսկ ազգն էլ կառավարելի լինի ընտրյալի կողմից հավասարապես, եթե միակողմանի կառավարում լինի, դա կբերի արտաքին կառավարման կամ անիշխանության: Ընտրյալները ազգի հետ համատեղ գործողությունների ծրագրեր պետք է իրականացնեն, որտեղ հստակորեն պետք է նշվեն ընդհանուր նպատակներն ու կողմերի պարտավորություններն ու պատասխանատվությունները: Դրա համար կարեւոր է դառնում մտավորականության դերը, մտավորականները պետք է մշակեն այդ նպատակներն ու ծրագրերը ու պարտադրեն այն ընտրյալներին ու ազգին հավասարապես:

  2. Ruben says:

    Ինչպես 1918-1920թ.թ. կառավարող իշխանավորները կողոպտեցին ժողովրդին, պետությունը ու փախան, այդպես էլ 2018-2020 թ.թ. կթալանեն մնացորդները եւ հա՜յդա սփյու՜ռք:
    Վերջին հինգ տարին կնմանվի առաջին հինգը տարիներին եւ կաթողիկոսը, մահակը ձեռքին, կքշի հյուսիս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031