Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ահազանգ է ստացել, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում, որից հետո այցելել է Կուրղինյան փողոց և շտաբի մոտակայքում պատգամավորի նախկին թեկնածու Վարդան Վարդանյանը հարվածել է «Ելք»-ի վստահված անձ Հայկ Սարգսյանին: Շուտով հայտնի դարձավ, որ տարածքի տերը հրաժարվել է բացել շտաբի դուռը և ոստիկանությունը պլոմբեց այն:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ուղիղ միացում կատարեց: Ազգային ժողովի պատգամավոր միացման ընթացքում ասաց, որ սեփականատերը ոստիկանությանը հայտնել է, որ հոգնել է և գնացել է քնելու, ինչով, ըստ Մարուքյանի խոչընդոտել է հետաքննության մարմնի գործողություններին. «Ոստիկանությունը ստիպված եղավ կապարակնքել Տարոն Մարգարյանի շտաբի դռները, և իրենք գնացին իրենց գործերով զբաղվելու: Ինչից հետո մենք առաջնամուտքի և հետնամուտքի դռները կապարակնքեցինք մեր կնիքներով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի: Ավելին՝ տարածքում եղած մարդիկ քաղաքացիական անձինք, ինչ-որ սափրագլուխներ փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ «Ելք» դաշինքի ակտիվիստներին ասում են՝ կապտակենք կընկնես, հետո ասաց՝ եթե տղա կա, եկեք, ու մարդիկ փախան»:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առավոտյան «Ելքը» դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով որոշում կայացնել, որ եթե ծրարներում հայտնվեն ավելորդ թերթիկներ այդ ծրարը ճանաչվի անվավեր: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք հետընտրական գործընթացները չեն բացառում, և պետք է այդ փաստերը հավաքեն: Նա նաև հայտնեց, որ իրենք միջոցներ կձեռնարկվեն, որ նախընտրական շտաբի տարածքը հսկվի՝ չնայած նրան, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ