Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ցանկանում է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի դուռը կապարակնքել

Մայիս 12,2017 02:23

Մի քանի ժամ է արդեն՝ «Ելք»-ը Կուրղինյան փողոցում է: «Ելք»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով մի քանի ուղիղ միացում ունեցավ: Բացի դաշինքի անդամներից դեպքի վայրում են նաև ոստիկանության և դատախազության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ահազանգ է ստացել, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում, որից հետո այցելել է Կուրղինյան փողոց և շտաբի մոտակայքում պատգամավորի նախկին թեկնածու Վարդան Վարդանյանը հարվածել է «Ելք»-ի վստահված անձ Հայկ Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը պահանջում էր բացել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի դուռը և իր ներկայությամբ զննություն իրականացվի: Սակայն ոստիկանները առարկում էին, քանի որ Փաշինյանը հաղորդում չէր ներկայացրել: Վերջինս ասաց, որ ինքը ցանկություն է ունեցել հաղորդում ներկայացնել, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել, և պատրաստակամություն հայտնեց հաղորդում ներկայացնել: Մոտ մեկ ժամ անց՝ հաջորդ միացման ժամանակ Փաշինյանը դեռ հաղորդում չէր ներկայացրել և պահանջում էր ոստիկաններին բլանկ տրամադրել: Շուտով այդ բլանկը տրամադրեցին:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Կարևորն այն է, որ մեկ հանցագործություն է կատարվել: Խնդիրն այն է, որ այն բաժանվել է մի քանի արարքների: Առերևույթ են այդ հանցագործության հատկանիշները, որ տեղի է ունեցել ընտրակաշառքի բաժանում, չգիտենք՝ կեղծ փաստաթղթեր եղել են, թե չէ, որի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, այսինքն՝ այս մեկ փաստի առթիվ իրենք պետք է նախապատրաստեին նյութեր, անհապաղ կատարեին իրենց դատավարական և քննչական գործունեությունը: Իսկ «Ելք» դաշինքի ներկայացուցչի մասնակցությամբ կոնկրետ պետք է կատարվի դեպքի վայրի զննություն, որպեսզի մենք կարողանանք արձանագրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել ներսում: Եվ եթե քննչական մարմինները չարձանագրեն օբյեկտիվ պատկերը մենք կարողանանք դիտողություն և առարկություն ներկայացնել այդ փաստաթղթի կազման վերաբերյալ»:

Շուտով տեղեկություն ստացվեց, որ սեփականատերը հրաժարվել է բացել դուռը և այդ պատճառով ոստիկանները կապարակնքելու են դուռը, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Սեփականատերը հրաժարվում է դուռը բացել ոստիկանության և դատախազության առաջ: Հիմա կպլոմբեն, մեզ կասեն՝ «դե լավ, ժողովուրդ ջան, գնացինք տներով», հետո գիշերվա ամենաթեժ պահին, երբ որ բոլորը քնած կլինեն, բացառապես ոստիկաններից, կգան պլոմբը կհանեն, քվեաթերթիկն ու փողը կտանեն, հետո կասեն՝ բոլորը, ով ուզում է գալ, եկեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031