Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում, երբ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում առաջադրեց Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ողջ քարոզարշավի ընթացքում իբրեւ նրա հիմնական արժանիք ներկայացվում էր այն, որ վերջինս բազմազավակ ընտանիքի հայր է: Այժմ ո՞րն եք համարում Ձեր թեկնածուի հիմնական արժանիքը, հանուն որի երեւանցին պետք է քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին` «Առավոտի» հարցին Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի քաղաքական թիմի անդամ է, ՀՀԿ-ն սատարում է նրան:
Տարոն Մարգարյանն ունի բազում արժանիքներ, որոնք լավագույնս ներկայացված են 2013-16 թվականների նախընտրական ծրագրում, որոնք իրականացել են: Խոսքը Տարոն Մարգարյանի աշխատանքի արդյունավետության մասին է: Յուրաքանչյուր ոլորտում Երեւանի քաղաքային տնտեսությունը ունի շատ լուրջ ձեռքբերումներ: Բնականաբար, շատ կարեւոր է նաեւ, թե քաղաքապետը ինչպիսի՞ բարոյական, հոգեւոր եւ ազգային արժեքներ ունի, ի՞նչ մարդկային կերպար ունի: Տարոն Մարգարյանը երեւանցիներից մեկն է, նա ոգով, ողնաշարով է զգում երեւանցիներին»: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում իրենց թեկնածուի թե մարդկային արժեքները, թե աշխատելու ունակությունները:
Հարցազրույցը` վաղվա «Առավոտում»:
«Առավոտ»
11.05.2017