Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքա՞ն գումար ենք վճարել ՀՀԿ-ի «բեզդելնիկներին»

Մայիս 12,2017 15:30

Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ քաղաքապետարանում մարդիկ կան՝ ուղղակի ձեւակերպված են, աշխատանքի չեն գալիս կամ էլ գալիս են ու կոմպյուտերով են խաղում:

ՀՀԿ-ի ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը վերջերս հաշվել էր, իր խոսքերով՝ «չոբան հաշիվ» էր արել, թե Տարոն Մարգարյանի մրցակիցները՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, պատգամավոր եղած ժամանակ որքան գումարի աշխատավարձ են ստացել, իր խոսքերով, «բալտավնյայի» համար: Ըստ նրա՝ այդ երկու «բեզդելնիկներին» անիմաստ տվել ենք մոտ 110 հազար դոլար, 70 հազար Փոստանջյանին, որովհետեւ երկու ժամկետ է ընտրվել պատգամավոր, Փաշինյանին՝ մոտ 40 հազար դոլար, ու դրա դիմաց, ըստ նրա, ոչինչ չենք ստացել:

Այս առնչությամբ մենք Նիկոլ Փաշինյանին հարցրինք՝ դուք հաշվե՞լ եք, թե, օրինակ ՀՀԿ-ի, այսպես ասած, «բեզդելնիկներին» որքան գումար է հատկացվել պետբյուջեից: Նա պատասխանեց. «Չէ, ես չեմ հաշվել, այդ հարցով պետք է դիմել ձեզ հայտնի մարդուն՝ թող ինքն էլ հաշվի»:

Եթե «բեզդելնիկ» ասելով՝ հասկանանք առաջին հերթին լռության ուխտ պահպանած պատգամավորներին, որոնք անգամ «բալտավնյայով» աչքի չեն ընկել խորհրդարանում, ունեն մեծ թվով բացակայություններ, հանձնաժողովների նիստերին չեն եկել, օրինագծերի քննարկմանը չեն մասնակցել, 5 տարվա ընթացքում ունեցել են 0 ելույթ, 0 հարց, ապա մի «չոբան հաշիվ» էլ մենք արեցինք ու պարզեցինք հետեւյալը:

Նահապետ Գեւորգյանը, Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արթուր Գեւորգյանը, Մարինե Մարաբյանը, Ռուբեն Սադոյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ մոտ 2 տասնյակի հասնող ՀՀԿ-ական պատգամավորներ 5-րդ գումարման ԱԺ-ում միայն կոճակ են սեղմել եւ ստացել են ամսական 690 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ, Սամվել Ալեքսանյանն ունեցել է 243 բացակա, Աշոտ Աղաբաբյանը՝ 545 բացակա, Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան, բացակայել է 269 նիստից, Կարեն Կարապետյանն ունեցել է 339 բացակա, Առաքել Մովսիսյանը՝ 126, Ռուբեն Սադոյանը՝ 187, Մարինե Մարաբյանը՝ 261, եւ այսպես շարունակ կարելի է թվարկել:
Եթե Իգիթյանի հաշվարկով առաջնորդվենք, ստացվում է, որ 700 հազար դոլարից ավելի էլ վճարել ենք նրանց:

«Ելք» դաշինքը «բեզդելնիկների» է տեսել նաեւ Երեւանի քաղաքապետարանում: Նախընտրական ծրագրում դաշինքն ամրագրել է, որ պատրաստվում է օպտիմալացում անել այնտեղ, քանի որ քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է:
Թե քանի տոկոսով է ուռճացված, մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ չասաց. «Տոկոսի խնդիր չկա, գործառույթներին պետք է նայել: Ես կարծում եմ, որ էականորեն պետք է կրճատվի: Ես չեմ ուզում տոկոս ասել, որ հետո այդ հայտարարությամբ կաշկանդված չլինենք: Բայց պետք է նվազագույն աշխատավարձով ստանալ մաքսիմալ արդյունք: Նույն պրոբլեմը կա կառավարությունում, քաղաքապետարանում: Լիքը մարդ կա, որ այնտեղ նստած կոմպյուտեր են խաղում, կամ տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ մարդիկ կան՝ ուղղակի ձեւակերպված են, աշխատանքի չեն էլ գալիս: Բայց սա դեռ ստուգման ենթակա է»:

«Ելքը», ինչպես հայտնի է, իր նախընտրական ծրագրում եւս մեկ դրույթ ավելացրեց, որ պատրաստ են ընտրվելու դեպքում 15 հազար դրամի աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք չեն վերցնի, այլ կընտրեն իրենց: Այս խոստումը տարաբնույթ քննարկումների եւ քննադատությունների տեղիք է տվել: Սոցցանցերում հարց էին բարձրացրել, թե չե՞ք կարծում, որ ընտրակաշառքը շատ դեպքերում սոցիալական պատճառներից դրդված չեն վերցնում, աշխատանքից հեռացվելու սպառնալիք կա, մեկի որդին ծառայում է, մեկի երեխան դպրոցում է: Եթե «Ելքը» միայն սոցիալականի վրա է բարդում այս ամենը, նշանակում է չի պատկերացնում խնդիրը, սա բացարձակ լուծում չի ընտրակաշառքների դեմ, ինչպես ներկայացնում են: Օգտատերերից մեկը գրել էր. «Դուք ընդամենը հետեւողական ողջ բեռը դնում եք ժողովրդի վրա՝ նրան փողի մեռած ներկայացնելով: Սա լուծում չէ: Ցավոք, ձեր դաշինքից որեւէ մեկը հարկադրված է լինելու ընտրության հաջորդ օրը «համբալներին» մեղադրել ձեր օրինական ընտրակաշառքից հրաժարվելով իրենց անօրեն կաշառքը վերցնելու համար»:
Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ «համբալ» խոսքը սխալ է մեկնաբանվել, դա որեւէ կերպ ընտրողներին չի վերաբերել, այլ ընտրակաշառք բաժանողներին. «Մեր կանխավարկածը դա է, որ դա հանրային եւ սոցիալական խնդիր է: Ցանկացած քաղաքացի, ով կասի, որ ինքը կարծում է՝ այդ հոդվածով ինքը ենթակա է օժանդակության, մենք կվճարենք նրան»:

Մեր դիտարկմանը, որ աղքատությունից դրդված չէ, որ մարդն ընտրակաշառք է վերցնում, Փաշինյանը պատասխանեց. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական գործոնը, եթե ոչ 100 տոկոսանոց, շատ էական գործոն է, գոնե 60-70 տոկոսանոց գործոն է: Հիմա եթե մենք կարող ենք գոնե 70 տոկոսով կրճատել ընտրակաշառքի ազդեցությունը, մենք էական բան փոխած կլինենք»:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ սա ապառիկով ընտրակաշառք է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, որովհետեւ ընտրակաշառքը քրեական հանցագործություն է: Ես իսկապես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քննադատներին, բայց կարծում եմ, որ սա մի մեխանիզմ է, որը կարող է աշխատել: Ես հույս ունեմ, որ այս ընտրություններին կաշխատի, եթե աշխատեց՝ մենք կարձանագրենք, որ ընտրակաշառքի մահը ՀՀ-ում արձանագրել ենք: Եթե չաշխատեց, իրար հետ պետք է մտածենք այս մեխանիզմը կատարելագործել, այլ մեխանիզմ ներդնել, փորձենք հասնել արդյունքի: Բայց ես մի բան հաստատ գիտեմ՝ չի կարելի հրաժարվել ընտրակաշառքի դեմ պայքարից»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ մարդը նախ՝ ընդդիմության նկատմամբ վստահության պակաս ունի, դրա համար է վերցնում ընտրակաշառք, Փաշինյանը համաձայնեց, որ կարող են տարբեր պատճառներ լինել, բայց սոցիալական ասպեկտը էական նշանակություն ունի, եւ իրենք հիմա աջակցում են սոցիալական ասպեկտին:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031