Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք չենք խոստացել Արարատը ետ բերել կամ քաղաքի բյուջեն տասնապատկել»

Մայիս 12,2017 15:00

Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Մինասյանը համամիտ է Զարուհի Փոստանջյանի հետ` «Ելք»-ի առաջարկը քրեորեն պատժելի է:

– Նախընտրական քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել. ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը:

– Բոլորն ունեցան հավասար հնարավորություն իրենց ասելիքը Երեւանցիներին հասցնելու համար: Ցավոք, մեր մրցակիցները որոշեցին նման ազատ պայմաններն օգտագործել ոչ թե առարկայական ծրագրեր ներկայացնելու, այլ կոռեկտության սահմանը տեղ-տեղ անցնելու, անհիմն մեղադրանքներ հնչեցնելու եւ հեքիաթային խոստումներ տալու համար:

– ՀՀԿ-ն հեքիաթային խոստումներ չտվե՞ց, Ձեր թիմակից Լեւոն Իգիթյանը կոռեկտության սահմանները չանցա՞վ:

– Մեր թիմի առանձին ներկայացուցիչներ ստիպված են եղել որոշ դեպքերում համարժեք արձագանքել մրցակիցների ագրեսիվ վարքագծին: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա մենք միշտ եղել ենք շատ զուսպ եւ երբեք մեր մրցակիցների նման ավագանու ընտրության ժամանակ չենք խոսել Արարատ լեռը հետ բերելու մասին կամ չենք ասել, որ հաղթանակի դեպքում կտասնապատկենք քաղաքի բյուջեն: Հեշտ է նման խոստումներ շռայլել, երբ հաստատ գիտես, որ քաղաքապետ չես դառնալու:

– Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթանակ տանելու. այս փաստը չի՞ կաշկանդում իշխող ուժին:

– Ընդդիմության շանսերը ամենից քիչը հենց այս ընտրություններում են, որովհետեւ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած ուժը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանին սատարող դաշինքը` մոտ կես տարի առաջ, իսկ ծանրակշիռ մի շարք քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրություններին: Այդ ամենի հետ միասին ընդդիմությունը դարձյալ չկարողացավ միավորվել: Մասնակցող սակավաթիվ ընդդիմադիրները իրենց միակ շանսը տեսնում են իշխող ուժին մրոտելու հաշվին դիվիդենդներ հավաքելու մեջ: Սա հնացած ու արդեն վաղուց չաշխատող տեխնոլոգիա է: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք կհամոզվենք դրանում: Ավելին ասեմ, Տարոն Մարգարյանը վերջին տարիներին այնպես է աշխատել, որ երբ մեր ընդդիմախոսները կոչ արեցին Երեւանում գտնել, նկարել ու իրենց ուղարկել քաղաքի ոչ բարեկարգ հատվածներ, այդպիսիք գրեթե չգտնվեցին:

– Ձեր կարծիքով՝ ընտրություններին մասնակից մյուս երկու ուժերը` «Ելք»-ը եւ «Երկիր ծիրանին», քարոզարշավի վերջին օրերին ինչո՞ւ սկսեցին միմյանց խայթել` իշխող ուժին «նեղը գցելու» փոխարեն:

– Պատճառն այն է, որ նրանք պայքարում են նույն ընտրազանգվածի ձայների համար, որը խորհրդարանական ընտրություններից հետո էլ ավելի է փոքրացել: Փոքրացած ընդդիմադիր զանգվածը երկու մասի կիսելիս ահա այսպիսի տարօրինակ եւ անտրամաբանական կռիվ է սկսվում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք»-ի` 15 հազար դրամների առաջարկին: Դուք իրավաբան եք, այդտեղ տեսնո՞ւմ եք քրեորեն հետապնդելի արարք, ինչպես կարծում է Զարուհի Փոստանջյանը:

– Հազվագյուտ դեպք է, երբ կարող եմ ասել, որ լիովին համաձայն եմ Զարուհի Փոստանջյանի հետ: Ինձ համար այդ հայտարարությունը ակնհայտ հակաիրավական է եւ հակաքաղաքական: «Ելք» դաշինքը այդ հայտարարությունից շատ է տուժելու՝ կորցնելով բարձր իրավագիտակցություն ունեցող որոշակի ընտրողների: Վստահ եմ, որ ընտրությունների հաջորդ իսկ օրը պարոն Փաշինյանը կհամոզվի դրանում եւ կփոշմանի իր այդ հայտարարության համար:

– Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ընդվզում այդ փաստացի ընտրակաշառքի խոստման դեմ:

– Մրցակիցների դեմ ընդվզումները մեր գործիքակազմի մեջ չեն: Այդ պաթետիկ բարոյախրատական գործելաոճը ավելի բնորոշ է մեր այսօրվա մրցակիցներին: Ամեն դեպքում ինձ համար անընդունելի է ընտրակաշառքի խոստմամբ՝ նման անթաքույց ձեւով օրենքն արհամարհելը:

– Ինքներդ էլ նկատեցիք, որ օրենքի խախտում է. չե՞ք պահանջելու, որ օրենքը պահպանվի:

– Տեղյակ եմ, որ ԿԸՀ-ն ուսումնասիրում է կաշառքի մասսայական եւ հրապարակային խոստման այս դեպքը:

– Ձեր գնահատականներով` ինչպիսի՞ հարաբերակցություն կունենանք քվեարկության ավարտից հետո:

– Քանի որ միայն երեք ուժեր են առաջադրվել ընտրություններին, ապա կարծում եմ՝ գործող օրենքի կարգավորումներին համապատասխան, մասնակցող երեք ուժերն էլ կհայտնվեն Երեւանի ավագանիում: Մեր թիմն էլ, հավատում եմ, կշարունակի բարեկարգել ու զարգացնել Երեւանը՝ Տարոն Մարգարյանի փորձառու, իրապես սրտացավ ու շատ պրոֆեսիոնալ քաղաքապետության ներքո:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031