Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չար աչքից» պաշտպանվելուց մինչեւ ֆեյսբուքյան «վնասվածքներ»

Մայիս 12,2017 14:00

Ինչու են դատապարտվում կանայք

Լուսինե Մանարյանի քրեական գործը կապված էր բնակարանային գողության հետ: Իսկ Հասմիկ Հովակիմյանը մեղադրվում էր կեղծ ծննդյան վկայականներ ձեռք բերելու եւ օգտագործելու համար: Այս տարվա դատական գործընթացներում առավել հետաքրքիր էր Սյուզաննա Օհանյանի գործը, երբ նա վնասել էր քաղաքացիներից մեկի բնակարանի դուռը: Կային երկու ՍՊ ընկերությունների տնօրեններ, մեկը Մարիաննա Պալիկյանն էր, որի ռեստորանում առաջին օրը աշխատանքի գնացած հավաքարարը՝ Ջեմմա Ասոյանը, հոսանքահարվել եւ մահացել էր, եւ այդ դատական գործընթացին անդրադարձել էր «Առավոտը», երբ տնօրենն արդարացվել էր, եւ Լաուրա Սարգսյանը, որն առանց լիցենզիայի առուվաճառք էր իրականացրել: Մի կեղծ փաստաբան էլ՝ Արմինե Մանուկյան անուն-ազգանունով ներկայանալով Գոհար Գյոզալյանին, փորձել է պաշտոնյային կաշառելու անվան տակ «Սեւան» քրեակատարողական հիմնարկից «ազատել տալ» Գոհարի դատապարտյալ որդուն:

Մեր դիտարկումներով՝ առավել արտառոց են մարզային հանցագործությունները, որոնց պատճառով կանայք դատապարտվում են անգամ ազատազրկման: Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում դատապարտված կանայք գործել են միայնակ, «խմբակային» էր, թերեւս, վերոնշյալ «կեղծ փաստաբանի» գործը:
Սյունիքի մարզի խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով «անցնում» է Վարդուհի Ազատյանը, որը գնացել էր Արաքսյա Խաչատրյանի ճաշարան, ոչ միայն բռնություն էր կիրառել, այլ վնասել էր տեղի գույքը:

Գեղարքունիքի մարզի հնչեղներից էր Կարինե Քարամյանի գործը: Նա «Սեւանի պոլիկլինիկայի» 118-րդ աշխատասենյակում վիճել էր թերապեւտ Ա. Խալաֆյանի հետ, որի ընթացքում, ըստ գործի նյութերի, «եղունգները մխրճել է վերջինիս աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մաշկի մեջ»՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ։ Կարինեն դատապարտվել էր 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Նկատենք, որ նրա համար ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Իսկ վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի վարույթը կարճել էր եւ Կարինե Քարամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր իրադրության փոփոխման հիմքով:

Ի դեպ, ամբաստանյալ Կ. Քարամյանի եւ նրա պաշտպան Լ.Գասպարյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։

Տավուշի մարզի դատախազությունը պաշտպանում էր Մարինե Պետրոսյանի դեմ իր «ամբաստանյալին»՝ մեղադրանքը

Մարինե Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչն էր: Նա ունենալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, պատասխանատվություն իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսեւորել էր անգործություն եւ ըստ գործի նյութերի, իր պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3340000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր: Այդպիսով, պետությանը պատճառվել էր 16745000 ՀՀ դրամի վնաս: Նա էլ դատապարտվել էր 300 000 ՀՀ դրամի չափով տուգանքի, սակայն այս գործն այլ ընթացք ստացավ վերաքննիչ դատարանում. դատարանը բավարարեց մեղադրողի վերաքննիչ բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատավճիռը, եւ վճռել է կնոջը դատապարտել 3 ամիս ժամանակով ազատազրկման: Գործը վճռաբեկ դատարանում է:
Անձնական արժանապատվության նվաստացում կոնկրետ անձի նկատմամբ
Անի Բոշյանը պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութ, պարբերաբար նվաստացրել է Մ. Ս.-ի անձնական արժանապատվությունը: Այդ նյութերի պատճառով Մ. Ս-ն ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, սակայն եղբայրը նկատել, եւ կանխել էր քրոջ ինքնասպանությունը: Սրանից էլ չէր խրատվել Բոշյանը. նա դարձյալ պատրաստել եւ տարածել էր պոռնկագրական բնույթի նյութը: Նա դատապարտվել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ի դեպ, Անիի նկատմամբ էլ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Ամբաստանյալ Անի Բոշյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Եվ որոշումը բողոքարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Համայնքային
դիտարկումներ

Պայծառ Վարդանյանը չարաշահել էր իր ծանոթ Շաքե Դանիելյանի վստահությունը, եւ ներկայանալով որպես գուշակ, «չար աչքերը» հանելու պատրվակով վերջինիցս 2015թ. սեպտեմբերի կեսերին Ն. Շենգավիթ համայնքում գտնվող նրա բնակարանում վերցրել էր խոշոր չափերի` 684.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր եւ հափշտակել դրանք: Նա Շաքե Դանիելյանի ամուսնու պարանոցին նկատելով 763.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա, կրկին «չար աչքերը» հանելու պատրվակով հափշտակել էր ոսկյա շղթան:

Համայնքային դատարանը վերջնական պատիժ էր նշանակել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 ՀՀ դրամի չափով: Բացի այդ, տուժող Շաքե Դանիելյանի քաղաքացիական հայցը բավարարել էր եւ Պայծառից հօգուտ տուժողի բռնագանձելու են 270.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում:
Ի դեպ, երկրորդ ատյանը դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Մարիամ Վարդան-Սոսի Ալեքսանյանի գործով էլ տիկինը մեղադրվել է հասարակական կարգի խախտման համար: Նա աղբաջրով եւ մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարեւանուհու պատուհանին: Երբ հարեւանուհին դուրս է եկել փողոց, նրա աղջկա հասցեին առանց որեւէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ: Հարեւանուհիներն էլ չեն կարողացել սանձել ամբաստանյալին, շուրջ 20 րոպե շարունակ նա սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել նաեւ իրեն նախատող անձանց. «Նա փողոցի բանուկ հատվածում շարունակել է իր խուլիգանական գործողությունները այնքան ժամանակ, մինչեւ հոգնել է ու ներս մտել տուն»: Այս գործով էլ տիկնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նկատենք, որ նշյալ գործերը «անաղմուկ» են՝ դատական նիստերի դահլիճների դատարկությունը փաստելով, իսկ ահա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանրային հնչեղություն ունեցող դատերից է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության կին նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը:

Իսկ Ալյոնա Մանդակունու գործով էլ դատարանը բազմամարդ կլինի տուժողների հետ կապված. տասնյակ տուժողներ կան այս գործով: Ալյոնան պատրաստել եւ օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, եւ հափշտակել ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031