Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառլոս Ջաներյանը 85 տարեկան է

Մայիս 12,2017 13:30

Հայկական բռնցքամարտը համաշխարհային ռինգին բազմաթիվ անուններ է տվել: Նրանցից մեկն էլ Եվրոպայի փոխչեմպիոն, ԽՍՀՄ բրոնզե մեդալակիր, վաստակավոր մարզիչ Կառլոս Ջաներյանն է, առանց որի հայկական բռնցքամարտի պատմությունը թերի կլիներ:

ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պատմում է, թե ինչպես էին ինքը եւ իր սերնդակիցները Վլադիմիր Ենգիբարյանին, Կառլոս Ջաներյանին, 50-60-ական թվականների Հայաստանի հավաքականի մյուս անդամներին նայում որպես կուռքի եւ աշխատում ամեն ինչով նմանվել նրանց: «Կառլոս Ջաներյանը եւ Վլադիմիր Ենգիբարյանը միասին հանդես էին գալիս Խորհրդային Հայաստանի եւ ԽՍՀՄ հավաքականում, մեր երկիրը արժանապատիվ ներկայացնում նաեւ միջազգային ասպարեզներում: Վլադիմիր Ենգիբարյանից հետո Կառլոս Ջաներյանը (նա հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում) հայ երկրորդ բռնցքամարտիկն է, որ Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել: Իսկ ԽՍՀՄ առաջնությունում մեդալ նվաճելը նշանակում էր, որ դու առաջատար ես նաեւ միջազգային ամենաբարձր մակարդակի ռինգերում:

Կառլոս Ջաներյանը բարձրակարգ բռնցքամարտիկ լինելուց բացի, լավ մարդ է, լավ հայ, լավ մանկավարժ, հոգեբան ու մարզիչ: Նրա անցած կյանքը պետք է ուղենիշ լինի այսօրվա սերնդի համար: Հիմա էլ Կառլոս Ջաներյանից սովորելու շատ բան կա: Նա շուտ ավարտեց բռնցքամարտիկի կարիերան ու անցավ մարզչական եւ կազմակերպական աշխատանքների: Աշխատել է մարզիչ, պետական մարզիչ, դասախոսել ֆիզկուլտուրայի ինստիտուտում, եղել է ԲԿՄԱ կենտրոնական խորհրդի մարզիչը Հայաստանում: Հատկապես վերջին պաշտոնում Կառլոս Ջաներյանն անում էր առավելագույնը, որպեսզի հայ առաջատար բռնցքամարտիկները ծառայությունն անցնեն այն ժամանակ Թբիլիսիում տեղակայված սպորտային վաշտում ու շարունակեն մարզվել:

Այդ տարիներին բռնցքամարտը այնպիսի տարածում էր ձեռք բերել, որ Հայաստանի առաջնությունները անցկացվում էին երկու խմբով: Առաջին լիգայում պետք է հաղթեիր կամ մրցանակային տեղ զբաղեցնեիր, որպեսզի մասնակցեիր ուժեղագույնների առաջնությանը եւ միջազգային ասպարեզ դուրս գալու իրավունք նվաճեիր», – ասում է Դերենիկ Գաբրիելյանը:

Ծննդյան 85-ամյակի առիթով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Կառլոս Ջաներյանին պարգեւատրել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչումով, ՀԱՕԿ-ը՝ «Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե հուշամեդալով», իսկ Բռնցքամարտի ֆեդերացիան՝ պատվոգրով:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031