Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդկանց արձագանքներով հեղեղված էր համացանցը»

Մայիս 12,2017 13:00

Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ «Հարություն Դելլալյան»
եռյակի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը` հոր, Հարություն Դելլալյանի արվեստի ու կոմպոզիտորի անվան փառատոն ստեղծելու մասին:

– Մայիսի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, իսկ դրանից առաջ Տիկնիկային թատրոնում համերգներ կայացան՝ նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին: Որպես երաժիշտ եւ դուստր ի՞նչ զգացողություն ունեցաք այդ երեկոներին եւ ի՞նչ տպավորություն ստացաք:

– Մասնագիտական փորձառությունս օգնում է, որ մարդկանց աչքերում տեսնեմ իրակա՛ն զգացմունքների փայլը։ Համերգներին ներկաները ներշնչված էին Դելլալյանի երաժշտության ոգեղենությամբ՝ այն անվանելով աղոթք, վերերկրային շունչ երկու աշխարհների սահմանագծին, տիեզերական ցավոտ ներդաշնակություն, մի հսկա խարիսխ ՝ խրված բացարձակ տարածության մեջ… Զգալով ներկաների ոգեղեն զմայլանքը՝ ես հասկացա, որ այսօրվա ունկնդիրը, համեմատած երեսուն տարի առաջվա ունկնդրի հետ, բոլորովին այլ, ավելի բարձր տիրույթում է ընկալում Նրա ներաշխարհը, ավելի պատրաստ է մուտք գործելու այնտեղ եւ դառնալու այդ հոգեւոր իրադարձության ոչ թե հանդիսատեսը, այլ մասնակիցը:

Եվ ես հիացա ու հպարտացա մեր ունկնդրով, Նրանք արդեն գրել են, մեզ մնում է հասնել Նրանց հետեւից։ Որպես դուստր, անշուշտ, երջանիկ եմ, որ մեր լավագույն երաժիշտների ուժերով կարողացանք իրականացնել երկու փառահեղ երեկո։ Կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Հայկ Մելիքյանը, Սեդրակ Երկանյանը, Սոֆյա Սայադյանը, Արթուր Հովհաննիսյանը, Դանիել Երաժիշտը, Ռուբեն Բաբայանը, Օլյա Նուրիջանյանն իրենց հրաշալի մեկնաբանություններով, խոսքով, Արամ Կիրակոսյանը իր լուսանկարչական կոմպոզիցիաներով, բոլորը որպես մի բարձրակարգ փունջ՝ հավաքվեցին Հարություն Դելլալյանի շուրջը եւ լավագույնս ներկայացրեցին Նրան։ Ինձ հուզեց նաեւ նվագախմբի առաջարկը, որ ես ու որդիս՝ ալտահար Հարություն Մուրադյանը, որպես մենակատարներ՝ մասնակցեինք համերգին։ Ինձ համար սա երեք սերունդների զրույց էր, նվիրում։ Մենք կատարեցինք Մոցարտի Կոնցերտանտը, որը Մոցարտն իր մորն է նվիրել։ Մեր կատարումն էլ նվիրված էր հայրիկին ու պապիկին…

– Մայիսի 1-ին կայացած համերգի վերաբերյալ շատ են արձագանքները, հատկապես ո՞ւմ արձագանքներն ու գնահատականները կուզենայիք առանձնացնել:

– Իսկապես, ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց արձագանքներով հեղեղվեց համացանցը։ Սա նույնպես կարեւոր իրողություն է… Չէ՞ որ երաժշտությունը սոսկ երաժշտի համար չէ, մասնագիտորեն չպատրաստված ունկնդրի կարծիքն առավել անմիջական է եւ մի ուրույն խորհուրդ ունի… «Տոպոֆոնո» կոնցերտում հնչյուններն այնպես էին լիցքավորվել, պրկվել ու կարծրացել, որ թվում էր՝ ուր որ է պատերը փուլ կգան նրանց հարվածներից. այդպես էլ եղավ՝ հանդիսատեսի հոգին պատնեշող աներեւույթ բոլոր պարիսպները փլվեցին, եւ Դելլալյանն իր խորհրդավոր հնչյուններով ճախրանքի մղեց՝ անմահության թեւերին»,-գրում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ «Ափսոս, շա՜տ ափսոս, որ ամբողջ հայ ժողովուրդն այնտեղ չէր, նման հնարավորություն, չգիտեմ, արդյո՞ք կրկին կտրվի»,- գրում է ինժեներ Ներսես Ներսիսյանը։ Կանանց երգչախմբի համար գրված «Լռության րոպե» ռեքվիեմի մասին Հասմիկ Սարգսյանը գրում է. «Սարսուռներ կան նրանում հնչող հուսակտուր կանչերում՝ արձակված կանանց կրծքից, որ մանկազուրկ են դառնում, նետվում են ժայռերից՝ անպատվությունից փրկվելու համար, որ անապատներում մի կում ջուր են հայցում, որ խողխողվում են գաղթի ճամփին, որ անուժ վայրի թփերի տակ են թողնում իրենց բարուրված զավակներին… Նրանք չեն գոռում, չեն աղմկում, նրանք խուլ ճչում են, նրանց «վայ» ճիչերը խարաններ են մարդկության խղճին…

Ահա զատ-զատ ընթերցվող կանչ-աղերս-բողոք-հուսաբեկ-անլույս ձայներով լեցուն գործը, որ հեղինակի եւս մի յուրօրինակ ընթերցումն է իր նախնյաց հասցված ցավի»: «Թվում է, դու չես լսում, սիմֆոնիան զգում ես մարմնով, ատոմային ռիթմը խփվում է քունքերիդ, ստիպում քեզ քայլել անդունդի եզրով՝ կլանելով երակներիդ մեջ քայքայվող հնչյունների արձագանքը…»,- գրում է բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը: Անչափ հուզիչ էին հայրիկիս նախկին աշակերտների սրտառուչ խոսքերը։ Այսօր նրանք հպարտ են, որ ուսանել են Հարություն Դելլալյանի մոտ։ Իսկ հարգարժան Դանիել Երաժիշտի համոզմամբ՝ Հարություն Դելլալյանը մշտապես համաշխարհային երաժշտության վերին հարթակում է։

– Հարություն Դելլալյանի հատկապես ո՞ր գործը կուզենայիք ավելի հաճախ կատարվեր Հայաստանում:

– Դժվարանում եմ առանձնացնել որեւէ ստեղծագործություն, քանզի յուրաքանչյուր երկ, սկսած ամենաառաջիններից մինչեւ վերջին՝ անավարտ «Լիլիթ» բալետը, իր ուրույն տեղն ունեն Նրա ստեղծագործության մեծ համապատկերում։ Ես պարզապես կուզեի հաճախ ունկնդրին հնարավորություն տալ լսելու, ճանաչելու Նրա երաժշտությունը։ Այս օրերին ստվար էր նաեւ առաջին ունկնդիրների բանակը։ Բայց այս փաստը նաեւ մտորելու տեղիք է տալիս։ Մենք իրավունք չունենք մոռացության մատնել մեր մնայուն արժեքները. դա աններելի շռայլություն կլիներ: Դա վերաբերում է մեր հոգեւոր նվաճումների բոլոր ոլորտներին՝ երաժշտությանը, գրականությանը, կերպարվեստին… Ի վերջո, այդ թանկ մասունքները շերտ առ շերտ հարստացնում են մեզ եւ դրանց բոլորի համադրմամբ միայն ի զորու կլինենք ապահովելու հայ մշակույթի համամարդկային առաքելությունը:

– Դելլալյանական ցանկացած երեկոյի անպայման մասնակցություն է ունենում դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ինչո՞ւ հատկապես Հայկը:

– Առհասարակ, կատարողն է ընտրում կոմպոզիտորին՝ նրա մեջ գտնելով իր ներաշխարհին առավել հարազատ ստեղծագործողին։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ ամեն հնարավոր առիթով Հայկն աշխարհի տարբեր բեմերում անդրադառնում է հայրիկիս ստեղծագործություններին՝ հանդես գալով հատկապես հանրաճանաչ «Նվիրում Կոմիտասին» սոնատով։ Սա ստեղծագործողի եւ կատարողի հրաշալի երկխոսություն է։ Սակայն ամեն կատարող ազատ է եւ, բնականաբար, կարող է կատարել եւ կատարում է Դելլալյանի երկերը, ինչը եւ տեղի է ունենում այսօր։ Բարեբախտաբար, նրանք գնալով ավելանում են. հանդես են գալիս հատկապես երիտասարդ կատարողներ, իսկ ավագ սերնդի նվիրյալներն այսօր էլ հավատարիմ են իրենց Դելլալյանի երաժշտությանը։ Նրանցից է հորս արվեստակից ընկեր Սեդրակ Երկանյանը։ Ուզում եմ նաեւ ինձ համար մի նվիրական լուր հայտնել։ Այս օրերին մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրեցինք Հարություն Դելլալյանի հինգ տարբեր սոնատային ժանրով գրված ստեղծագործությունները։ Եվ հրաշալի է, որ պետությունը տեր կանգնեց արժեքին, սա հուսադրող է։ Նոտաների լույս ընծայմամբ այսուհետեւ կատարողների համար դյուրին կլինի գտնել իրենց հետաքրքրող ստեղծագործությունների նոտաները, մի բան, որ մինչ օրս կապված էր որոշ դժվարությունների հետ։ Սա էլ իր հերթին կխթանի ստեղծագործությունների առավել տարածմանն ու ճանաչմանը։

– Հնարավո՞ր է Դելլալյանի անվան փառատոն հիմնադրվի:

– Այո, կա մրցույթ- փառատոն կազմակերպելու մտադրություն, եւ հուրախություն ինձ, դա առաջարկել են մեր երիտասարդ կոմպոզիտորները։ Նրանք կարծում են, որ պետք է համախմբել Մարդ-Ստեղծագործողի այն խորհրդանիշի շուրջը, ում անունն է Հարություն Դելլալյան…

 

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

11.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031