Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ՊԵՍ

Մայիս 12,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունչորսերորդ

ՋՐԻ ՊԵՍ

Եվ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «մի բան ասա՝ խմենք, Ֆրունզ ջան», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «մեծը դու ես, դո՛ւ պիտի ասես», եւ հայրս բաժակը բարձրացրեց, մի քիչ մտածեց ու ասաց՝ «բարով տեսանք», ու խմեց, եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «էս դո՞ւ ինչի մոտիկ չես գալիս, Արմենչո» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «քյաբաբ չես սիրո՞ւմ», եւ Ֆելոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «սիրում ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «չես ուզո՞ւմ հետներս նստես», եւ հայրս ինձ ասաց՝ «աթոռը քաշի՝ նստի, բալես», եւ ես աթոռը քաշելով՝ մոտեցա ու սկսեցի իմ բաժին քյաբաբն ուտել, եւ հայրս իր բաժին քյաբաբն ուտելով՝ Ֆելոյին ասաց՝ «ճիշտ էիր ասում», եւ Ֆելոն հարցրեց՝ «ի՞նչն էի ճիշտ ասում», եւ հայրս ասաց՝ «քյաբաբը չի սառել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Ռաֆոն իրա գործի վարպետն ա», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ տոպրակը չեք բացելո՞ւ, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը ժպտալով հարցրեց՝ «իսկ դու չես բացելո՞ւ», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը», եւ Ֆրունզիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմենի լիմոնադը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «թե՞ ուզում ես հետներս արաղ խմես», եւ ես, հիշում եմ, ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «արաղն ու լիմոնադը իրար չեն խառնում», եւ Ֆելոն լիմոնադի շիշը բացելով՝ ժպտաց ու ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում» եւ մի քիչ մտածեց ու բաժակս լցնելով ավելացրեց՝ «Արմենչոյի արաղ խմելը տեսել եմ», եւ Ֆրունզիկը  զարմացած նախ ինձ նայեց, հետո նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «որտե՞ղ ես տեսել», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «հենց էս արհեստանոցում», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց հորս, եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «Ֆելոն ճիշտ ա ասում», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «մալադեց Արմեն», եւ չնայած ընթերցողներիցս շատերն  էն կարծիքին են, որ էս ինքնակենսագրական ու փաստավավերագրական վեպիս մեջ էլ եմ ստեր փչում, էս արաղախմությանս մասին ասածս հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, եւ չնայած մի տեղ նշել եմ, որ էդ ամառ վեց տարեկան էի, հիմա ավելի կոնկրետանալով մտածում եմ, որ տարիքիս հարցում  գուցեեւ սխալվել եմ, բայց որ էդ ամառ դեռեւս տասը տարեկան չկայի, էդ արդեն հաստատ կարող եմ ասել, որովհետեւ  տասը տարեկանից հետո օղի չեմ խմել, ավելի ճիշտ՝ տասը տարեկանից հետո մեկ էլ չափահաս տարիքում եմ սկսել օղի խմել, եւ էդ օրվա ու էդ պահի դրությամբ, տասս չլրացած, բազմիցս էի օղի խմել, եւ օղին էլ ջրի պես խմում ու որեւէ տհաճություն չէի զգում, եւ մի շրջան եղավ, որ իմ քեռի Ֆրեդը սրանրա մոտ պարծենում էր, որ իր քրոջ անչափահաս տղան օղին ջրի պես է խմում, եւ սրանրա մոտ ցուցադրաբար ինձ օղի էր խմացնում, բայց դա ընդամենը մի քանի ամիս տեւեց, որովհետեւ մայրս իմացավ եւ ինձ ու քեռուս խստիվ արգելեց էդ գործով զբաղվել, եւ հիմա որ հիշում եմ, իսկապես օղին ջրի պես էր գնում, եւ ոչ մի տհաճություն չէի զգում, եւ ոչ մի կերպ չեմ կարողանում պատճառը հասկանալ, բայց փաստը փաստ էր, եւ չնայած իմ քեռի Ֆրեդը վաղուց լույս է դարձել,  քեռիներիցս փոքրերը՝ Գոքորը, Վարդանն ու Գագոն հիմա կան եւ որպես վկա էդ ամիսների զարմանալի ու անմարդկային արաղախմությունս կհաստատեն, եւ Ֆրունզիկը, Ֆելոն, հայրս ու Վոլոդյան էլ էին վկա, որովհետեւ էդ օրն էլ արհեստանոցում մի լիքը բաժակ օղի խմեցի, եւ չնայած հայրս բարկացավ եւ բաժակն ամբողջ ուժով խփեց արհեստանոցի հատակին, բաժակը չջարդվեց, որովհետեւ բավական հաստ պատերով բաժակ էր, եւ դա վերջին խմելս էր, ավելի ճիշտ՝ դա անչափահաս տարիքում վերջին օղի խմելս էր, եւ հետագայում՝ չափահաս տարիքում արդեն տհաճությամբ ու դժվարությամբ էի օղի խմում, ու առ էսօր էլ օղեխմությունից առանձնապես հաճույք չեմ ստանում, եւ էն ժամանակ՝  տասը տարեկանում էլ առանձնապես հաճույք չէի ստանում, բայց էն ժամանակ տհաճություն էլ չէի զգում, որովհետեւ  էն ժամանակ օղին ջրի պես էր ներսս գնում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031