Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունների քարոզարշավն այսօր աչքի ընկավ մեղադրանքներով եւ արդարացումներով:
Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ»-ի՝ ընտրակաշառքից հրաժարվածներին 15 000 դրամ տրամադրելու ծրագրի առնչությամբ ասաց. «Հանցանքն արձանագրելու ժամանակ օրինապահ քաղաքացին դիմում է իրավապահ համակարգին»:
Սրան հաջորդել էր կրկին այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հետեւյալ հայտարարությունը. «Փաշինյանի հայտարարությունը(նկատի ունի 15 000-ի պատմությունը.-խմբ) պարունակում է քրեորեն պատժելի արարք և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով»:
Զարուհի Փոստանջյանը դատապարտեց «ԵԼՔ»-ի նշյալ նախագիծը՝ համոզմունք հայտնելով, որ այն կրկնում է արատավոր իշխանության գործունեությունը: Ապա` Փոստանջյանն անդրադարձավ հենց Նիկոլ Փաշինյանին. «Նա կողմ է քվեարկել 1000 դրամների նախագծին, նա դեմ է քվեարկել իմ նախագծերին: Նա ապրիլի 2–ի խայտառակ ընտրությունները ճանաչել է լեգիտիմ»:
Այսօր Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, չբացառեց Զարուհի Փոստանջյանի հետ գործակցությունը. «Բացառում եմ, որ համագործակցություն տեղի չունենա մեր դիրքորոշումների պատճառով, հանուն Երեւանի պատրաստ ենք համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ: Ամենաբարձր մակարդակի առաջարկներ ենք արել Զարուհի Փոստանջյանին համագործակցության»:
Այստեղ նկատենք, որ խոսքը մինչեւ ավագանու ընտրությունների քարոզարշավը Զարուհի Փոստանջյանին արված «ԵԼՔ»-ի հետ գործակցելու առաջարկների մասին է: Փոստանջյանը, սակայն, վերջերս պնդել էր, որ իրեն «ԵԼՔ»-ից պաշտոնական առաջարկ չի արվել:
Թեեւ գործակցության վերջին առաջարկին «Երկիր Ծիրանիի» կողմից արձագանք չկա, դժվար է պատկերացնել, որ Զարուհի Փոստանջյանը կցանկանա գործակցել մի ուժի հետ, որին արհեստածին է որակում, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործակցելու մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Նիկոլը սկզբում ավելի գրավիչ գործիչ էր: Նրա հետ հույսեր էին կապում շատերը: Բայց ժամանակը բացում է բոլոր իրական դեմքը: Նրա գողական ժարգոնով համեմված, չափից դուրս տհաճ հայերենը արդեն հերիք է նրա իրական դեմքը տեսնելու համար:
Հայ ժղովրդին պետք են լուրջ, խոհեմ, իմաստուն, հայոց իսկական արժեքներին համապատասխանող գործիչներ: Ցավոք ասպարեզում այդպիսիք չկան: