Այսօր Նոր Նորքում եւ Ջրվեժում ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների քարոզարշավն էր:
Այս անգամ էլ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նույն բովանդակությամբ եւ նախադասություններով ելույթը ունեցավ, որը հնչեցրել էր ամբողջ քարոզարշավի ընթացքում մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Տարոն Մարգարյանն այս համայնքի բնակիչներին էլ փորձեց վստահեցնել, ինչպես ելույթում ասաց, երեւանցիների դարդ ու ցավին լավ տեղյակ է:
Այս անգամ էլ քաղաքացիներն իրար հերթ չտալով, անգամ իրար հրմշտելով փորձում էին մոտենալ Տարոն Մարգարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել, ոմանք օգնություն էին խնդրում:
Ջրվեժում մի տարեց կին մոտենալով Տարոն Մարգարյանին դժգոհեց, որ գազի ու լույսի վարձը չի կարողանում վճարել եւ օգնություն խնդրեց: Մարգարյանը փորձեց օգնել, դիմելով օգնականին՝ «Սամվելն ուր ա»: Իսկ կինը պնդեց՝ «Հիմա էլի»: Մարգարյանն էլ արձագանքեց՝ «Հիմա էսքան լրագրողի մոտ ուզում ես օգնե՞մ»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ը պարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի «Ելքի» առաջարկած 15 հազար դրամների մասին, որոնք ընտրվելուց հետո դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստանում է տալ նրանց, ովքեր ընտրակաշառք չեն վերցնի: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ 15 հազար դրամներով «Ելքն» ՀՀԿ-ի ընտրազանգվածն իրենով չի անի, եւ ինչո՞ւ է Մարգարյանն իր առանձնատան հասցեն գրանցել 77/7, այն դեպքում, երբ փողոցի այդ հատվածում հասցեն այն հատվածում, որտեղ զույգ թվերով են տները: Մարգարյանը հրաժարվեց բոլոր հարցերին պատասխանել, նույն պատճառաբանությունը բերելով՝ «Թողեք բնակիչների հետ շփվեմ»:
Մեր դիտարկմանը, որ 5 տարի քաղաքապետ լինելով, ենթադրվում է, որ ամեն օր պիտի քաղաքացիների հետ շփվեր, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Մյուս 5 տարին էլ լրագրողների հետ կշփվեմ»:
Մանրամասները` տեսանյութում
Նոր Նորքում բնակիչները մոտենալով Մարգարյանին նրան խնդրեցին շենքերի վերելակների հարցը լուծել: Ջրվեժում էլ մի բնակիչ դիմեց Մարգարյանին. «Էս եկեղեցու պուլպուլակի հարցը չի լուծվում, որովհետեւ ջրաչափ է դրված, երբ գալիս ես անջատած է»:
Բնակիչները նամակներ, ծրարներ էին փոխանցում Մարգարյանին, որն էլ փոխանցում էր օգնականին: Ծրար փոխանցող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ «Նամակ եմ գրել, որ քանի տարի ա մի հատ ստից հարց թաղապետարանը չի լուծում: Տարոն Մարգարյանն ասեց մեր դարդու ցավին տեղյակ է, հիմա տեսնեմ՝ եթե խնդրանքս անեն՝ ուրեմն՝ հա, մեր դարդերին դարման ա»:
Մի տարեց կին էլ դիմելով Տարոն Մարգարյանին ասաց. «Շատ գոհ ենք քեզանից, աստծու ձայնն էլ տալիս ենք քեզ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ