«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց, որ 15 000 դրամի վերաբերյալ իրենց առաջարկը սոցիալական աջակցություն է եւ օրինական:
«Այս առաջարկը մեծ աղմուկ առաջացրեց, կրքեր բորբոքեց, բայց էմոցիոնալ մթնոլորտում չարձանագրվեց ամենակարեւորը։ Վերջապես կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում ընտրակեղծիքի դեմ, ընդ որում՝ ամենատարածված կեղծիքների երկու տեսակի՝ ընտրակաշառքների եւ կարուսելի… Դրանք դարձել են ընտրական գործընթացի ամենավճռական գործոնները, որոնք թույլ են տալիս լկտիանալ Հանրապետական կուսակցությանը եւ քմծիծաղով վերաբերվել իշխանափոխության մասին հայտարարություններին։
Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ իրենց առաջարկով կարող են արմատախիլ անել ընտրակաշառքի եւ կարուսելի պրակտիկան. «Այս փոլում մեր առաջարկը չի կանգնեցնի ընտրակաշառքի 17-ամյա անիվը, բայց քաղաքացին կստանա կոնկրետ մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի։ Այս առաջարկը բացարձակապես օրինական է։ Չկա մի իրավաբան, որը կապացուցի, որ սա անօրինական է։ Ընտրակաշառք եւ օրինական բառերը չեն կարող զուգորդվել։ Սա ընտրակաշառք չէ։ Սա մի պարզված ձեռք է ընտրակաշառքի ճահիճի մեջ խեղդվող մեր քաղաքացիներին։ Շանս է, որ նրանք պիտի օգտագործեն, եթե իսկապես ուզում են փրկվել։ Մենք այդ փրկագինն ենք վճարում՝ հանուն մեր քաղաքացիների փրկության»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ իր ձայնը կտրվել է, հետեւաբար. պատրաստ է ստանձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, քանի որ. «Ձեւավորված ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ պիտի լինի նա, ով խոսել չի կարողանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ