«Այս քաղաքի խնդիրը միայն անսարք վերելակները չեն, միայն անանցանելի մայթերն ու ճանապարհները չեն, միայն աղբի կույտերը չեն, այս քաղաքի խնդիրը համակարգային է ու այդ խնդիրը համակարգային պետք է լուծվի: Այդ խնդիրը կարող է լուծել միայն նոր եկող ուժը, ընդդիմությունը»,-ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ այսօր ասաց «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, այս իշխանությունն է ստեղծել այն համակարգը, որում Երեւանն է, ու իշխանությունն այդ համակարգը փոխողը չէ. «Այդ համակարգին որպես հակակշիռ գործող նոր համակարգ է պետք, այդ հակակշիռը ներկայացնում է «Ելք» դաշինքը»:
Նա խոսեց կեղծ ժողովրդավարությունից, որի միջով անցել են բոլոր ժողովուրդները, երբ օրինակ ամեն ընտրությունից հետո արձանագրում են՝ մեկ քայլ առաջ, բայց. «Օրինակ՝ եվրոպացիները կարճ ժամանակահատվածում հասկացան՝ կեղծ ժողովրդավարությունը ոչինչ չի տալիս, ու երկրում անհրաժեշտ է իրական փոփոխություն: Միայն իրական ժողովրդավարության պարագայում կարող ես քո երկրում բան փոխել, առաջընթաց ունենալ»:
Նա նկատեց, որ ընտրակաշառքով իշխանությանը գուցե հաջողվի ընտրողների հիսուն տոկոսին գնել. «Բա էն հիսուն տոկոսը, որ դուք եք, ու՞ր է»:
Նա նաեւ կոչ արեց մայիսի տասնչորսին գնալ ընտրության, ընտրել «Ելքին». «Իսկ ապրիլի տասնհինգի գիշերը՝ ժամը մեկին, բացեք այն կոնյակը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա երեխեքի հարսանիքի կամ բանակից հետ գալու համար է, չխկացրեք բաժակներն ու ասեք, որ հաղթեցինք մեր մեջի ճորտին, գտանք մեր արժանապատվությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ