«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն այսօր քարոզարշավի ամփոփոիչ հավաքի ժամանակ տողատակերով հեգնեց «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:
«Բարեբախտաբար կարկուտն այսօր այնքան ուժեղ չէր, որ վնասեր երկրի ծիրանը՝ այն էլ չհասունացած վիճակում»,- ասաց ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը: Նրա այս արտահայտությանը հետեւեց ծիծաղն ու ոգեւորությունը:
Նրա խոսքով, առաջիկա ավագանու ընտրությունները դուրս են անձերի, կուսակցությունների տրամաբանությունից. «Այս ընտրություններում ընտրում ենք Երեւանի ու այն մարդկանց տեսակը, որոնք պետք է կառավարեն»:
Նա պատմեց, որ նախընտրական հանդիպումների ժամանակ ինքը տեսել է ոգեւորություն բոլորի մեջ. «Քսանհինգ տարիների ընթացքում մեղադրանքի հիմնական սլաքներն ուղղել ենք իշխանությանը՝ մեղադրելով, որ լճացման մեղավորներն իրենք են, բայց ապրիլի երկուսին արձանագրեցինք, որ ընդդիմության դաշտում տեղի ունեցավ լուրջ փոփոխություն, ընդդիմափոխություն, Հայաստանում քաղաքական սերնդափոխության հիմքը դրված է, դրա հիմքը դրել եք դուք՝ ապրիլի երկուսին քվեարկելով «Ելքի» օգտին: Այս ընտրություններում պետք է մտածենք՝ ինչպիսի Երեւան ու ինչ տեսլականով Երեւան ենք ուզում ունենալ: Հարց եմ տալիս՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն նոր ոգեւորություն ու նոր շունչ հաղորդել Երեւանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ