«Ելք» դաշինքի ամփոփիչ հավաքին ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը պատմեց, որ քարոզարշավի նախավերջին օրն իր մեջ խանդավառություն ու վերելք կա:
«Ես հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ մեր հայրենակիցների հուսադրող դեմքերը, ձեռքի շարժումները մեր քարոզարշավի ժամանակ, այո՛, մեր երիտասարդների հետեւից վազել եմ, բայց ոչ մի տանիքից չեմ ընկել, ոտք չեմ ջարդել, բայց այնքան հպարտ եմ՝ լինելով այս թիմի անդամ, այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի, որովհետեւ մեղվի փեթակի պես աշխատում են բոլորը»,- ասաց տիկին Բախշյանը:
Նա անդրադարձավ ԱԺ ընտրությունների ընթացքում ռուսական սոցիոլոգիական մի կազմակերպության տվյալների, որոնց համաձայն ՀՀ բնակիչների 81 տոկոսը դժգոհ էր իշխանությունից. «Բայց վերջում տեսանք՝ ինչ եղավ, տրամաբանությանը հակառակ է, որ մարդ ընտրի իրեն բարեկեցությունից զրկողին, սա խոսում է մի բանի մասին, որ ընտրակաշառքը դառնում է այլընտրանք:
Վերջերս շատ խոսվեց մեր՝ ընտրակաշառք չվերցնողներին 15.000 դրամ տալու առաջարկի մասին, քանի գնաց, համոզվեցի, որ սեպը սեպով են հանում, եթե կաշառքը դառնում է մեծ այլընտրանք ԱԺ ընտրությունների ժամանակ, ապա այս անգամ մենք նախընտրական հրաշալի խոստում ենք տալիս, գնացեք ձեր համոզմունքի ու խղճի համաձայն ընտրեք, երբ այդ ընտրությունը կկատարեք, հաճույք կզգաք, որ ոչ մեկ ձեզ չստիպեց, ոչ մեկին պարտավոր չեք ցույց տալ՝ ում ընտրեցիք, եւ այն ընտրողները, սոցիալապես անապահով խավը, որը կարիք ունի դրան, ստանալու է «Ելքի» նպաստ, որը այսօր կա բյուջեում: Ոչ մի նոր բան չենք անում, այդ բոլորը հիմա տակից կարգադրություններով գնում է, ու ոչ մեկ չի իմանում: Մենք ասում ենք՝ դա թափանցիկ ու հրապարակային ենք դարձնելու ու ձեր արժանապատվությունը բարձր ենք պահելու»:
Վերջում էլ տիկին Բախշյանն բացատրեց՝ ինչու է հարկավոր իշխանափոխություն Երեւանում. «Որ համը զգաք այն իշխանության, որը ձեզ լսելու է ու ձեր բոլոր պահանջներն ու կարիքները փորձելու է իր լիազորությունների շրջանակում կատարել, ու դուք կաշառքի ու խնամի, ծանոթ, բարեկամի կարիք չեք ունենալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ