Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր ամփոփեցին քարոզարշավը: Նախընտրական վերջին հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը կիսվեց բակային իր տպավորություններով. «Այն ուժը, որ ստանում ենք յուրաքանչյուր բակում, ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում»:
Նրա խոսքով, երբ «Ելք» դաշինքը ստեղծվում էր, ինքն ուներ համոզմունք, որ այդ օրվանից ՀՀ քաղաքական համակարգը այլեւս այդ պահին ունեցած ներկապնակը չի ունենա. «Այդ համոզմունքը հաստատվեց ապրիլի երկուսին, այսօր ապրում ենք այլ քաղաքական ներկապնակում, այսօր այլ իրավիճակ է: «Ելք» դաշինքի ստեղծմամբ Հայաստանում սկսվել են փոփոխություններ»:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ, խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավորություն կար այդ փոփոխությունները դեպի իշխանափոխություն ուղղորդել, բայց ապրիլի երկուսին քաղաքացիները որքանով, որ օգտվեցին այդ հնարավորությունից արդյունքում չունեցանք իշխանափոխություն, խորհրդարանական մեծամասնության տապալում:
Պարոն Մարուքյանն ասաց՝ չի ցանկանում, որ ավագանու ընտրություններից հետո՝ մայիսի տասնհինգին, խոսենք բաց թողնված շանսի մասին. «Երեւանցիները մայիսի տասնչորսին չպետք է բաց թողնեն այդ շանսը: Իրավունք չունենք այս անգամ չգնալ ընտրությունների, պասիվացնել այս գործընթացը ու թույլ տալ, որ ՀՀԿ-ն, իր ընտրակաշառքի ու ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնելով, վերարտադրվի այս անգամ էլ Երեւանում»:
Նա կոչ արեց՝ Եթե նույնիսկ կարկուտ գա, անդադար անձրեւ լինի կամ ձյուն գա, գնացեք ընտրության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ