Հյուսիսային պողոտայում այսօր «Ելք» դաշինքի ամփոփիչ հավաքից առաջ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գոհ է քարոզարշավի ընթացքից, արդյունքները կերեւան մայիսի տասնչորսին՝ ավագանու ընտրություններին:
Եւս մեկ անգամ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեղադրանքին, թե Նիկոլ Փաշինյանի՝ 15.000 դրամ առաջարկելը կաշառք չվերցնողներին քրեորեն հետապնդելի արարք է, պարոն Փաշինյանն ասաց. «Հանցանքն արձանագրելու ժամանակ օրինապահ քաղաքացին դիմում է իրավապահ համակարգին»:
Նա նաեւ հարցրեց՝ ինչով է Զարուհի Փոստանջյանը հիմնավորում իր ասածը, թե այդ առաջարկով Նիկոլ Փաշինյանը սատարում է իշխանություններին. «Եթե հիմնավորում չկա, նման քաղաքական գործչի համար պատվաբեր չէ չհիմնավորված հայտարարություն անել»:
Ինչքան ձայն կհավաքի ընտրություններին հարցին էլ պատասխանեց, թե սովորաբար թվային հաշվարկներ չի անում, իր համար կարեւոր են մարդկանց հայացքները, վերաբերմունքն ու զգացմունքները:
Հարցին, թե այսքանից հետո կհամագործակցի՞ Զարուհի Փոստանջյանի հետ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամենաբարձր մակարդակի առաջարկներ ենք արել Զարուհի Փոստանջյանին համագործակցության, նրա հայտարարությունները լավատեսությունը չեն ավելացնում, բայց երբեք դուռը չենք փակել, բացառում եմ, որ համագործակցություն տեղի չունենա մեր դիրքորոշումների պատճառով, հանուն Երեւանի պատրաստ ենք համագործակցել «Երկիր Ծիրանիի» հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ