-Տիկին Նաղդալյան ժամեր առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը, կխնդրեինք նշել համագործակցության այս նոր փաստաթղթի առանձնահատկությունները. Ինչո՞վ է այն տարբերվելու նախորդից:
– Սա Հայաստանի քաղաքական համակարգի երկու առաջատար կուսակցությունների քաղաքական համագործակցության ևս մեկ՝ ավելի լուրջ , որակապես ավելի խորը աստիճան է: Նախորդ կոալիցիոն հուշագրի շուրջ համագործակցությունը էական հաջողություններ է արձանագրել, այդ թվում , նախևառաջ, պետք է նշել երկրի քաղաքական համակարգի հետևողական զարգացման և կատարելագործման ուղղությամբ արված քայլերը, որոնցից հիմնարարը իրականացվեցին Սահմանադրության բարեփոխումներով և Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ սերտ համագործակցությամբ:
Ի տարբերություն նախորդի՝ սա հետընտրական կոալիցիա է , որը խարսխված է ամուր հիմքերի վրա, և սահմանված ժամանակահատվածը՝ մինչ 2022թ. վճռորոշ փուլ է լինելու՝ նաև այն հանգամանքից ելնելով , որ ընտրությունները անցել են բարձր վստահության մթնոլորտում: Վստահ եմ՝ այս երկու քաղաքական ուժերի ընդհանրությունները, նախևառաջ, որպես ազգային ուժեր, հիմք են հանդիսանալու արմատական փոփոխությունների, և մենք դրանց ականատեսն ենք լինելու:
Կոալիցիոն համագործակցության ուղղությունները մեր երկրի զարգացման կարևորագույն առաջնահերթություններն են՝ հակակոռուպցիոն պայքար, ազգ-բանակ համակարգի ներդրում, իրավական դաշտի բարեփոխումներ, մրցունակ տնտեսություն ՝ հիմնական նպատակ ունենալով, իհարկե, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը: Մեր համագործակցության նախորդ շրջանը լավատեսություն ներշնչում է: