ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը զարմացած է, թե ինչու «Սիվիլնեթ»-ի լրագրող Արփի Մախսուդյանը, երբ առավոտյան ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրենց տուն, չի տեսանկարել կամ ձայնագրել` լինելով լրագրող:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ահարոնյանը նշեց, թե բազում նախադեպեր ունեցել են, երբ քաղաքացիները նման դեպքերում տեսաձայնագրումներ կատարել են. «Ի վերջո, գործ ունենք լրագրողի հետ, ով ուներ և՛ ձայնագրման, և՛ տեսագրման հնարավորություն: Բազմիցս դեպքեր են եղել, երբ տան տերերը դա արել են: Իհարկե, Արփի Մախսուդյանը պարտավոր չէր դա անել, բայց հարց է առաջանում` ինչո՞ւ չի արել»:
Թեև ՀՀ ոստիկանության պարզաբանմանը, թե «օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել», Արփի Մախսուդյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե պնդում է, որ հենց խուզարկության համար էին եկել: Այս առիթով Աշոտ Ահարոնյանը փոխանցեց. «Խուզարկության չեն գնացել, քանի որ այդ դեպքում պարտադիր քննիչն էլ է գնում: Անիմաստ է առանց փաստաթղթի խուզարկություն կատարել, քանի որ դա հիմք չի լինում, դա անհեթեթ է»:
Մեր այն հիշեցմանը, թե Արփի Մախսուդյանը բողոքարկելու է ոստիկանության գործողությունները, քանի որ կարծում է, որ դրանք ոչ իրավաչափ են եղել, պարոն Ահարոնյանն արձագանքեց. «Օպերատիվ հարցման համար որևէ այլ փաստաթուղթ անհրաժեշտ չէր»:
Արփի Մախսուդյանը մեզ հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել ոստիկանության աշխատակիցների պահվածքի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել էր. «Ասենք գալ մարդու տուն, առավոտյան 07.00-ին առանց որևէ բանի, փորձել տանել քաղմաս, որքանո՞վ է դա մտնում օպերատիվ գործողությունների տրամաբանության մեջ: Կամ քեզ վերաբերվեն այնպես, կարծես թե դու արդեն հաստատված հանցագործ ես, ու իրենք ոնց ուզեն, իրենց կարող են պահել: Գոռում էին, ուզում էին բերման ենթարկել, ասում էի դուրս եկեք տնից, ասում էին՝ դու չպետք է ասես, թե մենք ինչ անենք: Հետո ոստիկաններից մեկը պտտվեց մյուս գործընկերոջն ասաց՝ ի՞նչ անենք, սրանց էլ տանե՞նք քաղմաս: Ինչի՞ համար են տանում քաղմաս, ինչ է, թե ինչ-որ ինֆորմացիա ունե՞ն, ինչի համար ես կասկածում եմ»:
Արփի Մախսուդյանի սկեսրայրը` Մարգար Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ. շուտով հեռախոսի էկրանին հայտնվեց մոտ մի 20 մետրից արված մեծ ու մուգ ակնոցներով երիտասարդի՝ ինձ ոչինչ չհիշեցնող լուսանկար, որից արդեն հաստատ եզրակացրի, որ գործ ունենք ոստիկանական, ավելի ճիշտ՝ մենթական էժանագին մի ֆարսի հետ:
Նշեմ նաև, մեր «քաջարի» ոստիկանները չգիտեին անգամ դիմելաձևի տարրական կանոններ, իսկ գնալուց առաջ հարկ համարեցին մեզ սպառնալ, թե դեռ էլի կգան…»:
Ոստիկանության աշխատակիցների պահվածքի մասին պարոն Ահարոնյանը պարզաբանեց. «Առավոտյան կարծես թե պահվածքի մասին խոսք չկար Արփի Մախսուդյանի խոսքում: Իր գրության մեջ օրինականության մասին էր խոսում: Հետո ավելի ուշ ավելացավ նաև պահվածքը: Այդ մասով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն առանձին ուսումնասիրություն կիրականացվի»: Իսկ թե ո՞ւմ էին փնտրում, այս մասին Աշոտ Ահարոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում հավաստի տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դիտավորությամբ ծանր հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող Կ.Մ-ն այցելել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նշված բնակարան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հպանցիկ անդրադառնամ Աշոտ Ահարոնյանի առաջ քաշած ՛՛թեզերին՛՛.
1. «Ինչո՞ւ Արփի Մախսուդյանը չի տեսանկարահանել կամ ձայնագրել, երբ…
– Այն պահից սկսած, երբ այդ ոստիկան կոչվածների վարքագիծը դարձավ անտանելիության աստիճանի տհաճ, իմ մեջ կասկած առաջացավ նրանց՝ իրոք ոստիկան լինելը, կնոջս՝ Լիլիա Մարգարյանին ասացի, որ նկարահանի նրանց վկայականները, ինչին հետևեց նրանց պարագլխի՝ Էդգար Ջանվելյանի կտրուկ և սպառնալից արգելքը. ՛՛Չենք թույլատրում նկարահանել՛՛, և հնարավոր է, որ հենց դա եղավ պատճառը, որ Արփին չփորձեց սրել իրավիճակը, քանի որ ննջարանից արդեն լսվում էր չորսուկեսամյա թոռնիկիս լացի ձայնը: Բացի այդ յուրաքանչյուրն էլ պատրաստ է լինում իր ծառայողական պարտականությունները կատարել իր աշխատավայրում, այլ ոչ առավոտ ծեգին՝ այն էլ էքսրեմալ իրավիճակում:
Հնարավոր է, որ դուք, պարոն Ահարոնյան, երբ առավոտյան կանուխ ձեր բնակարան մուտք գործեն վերահսկողության բաժնի աշխատակիցները, պատրաստ լինեք տեսանկարահանման, նույնիսկ դրանց գրպանները ժուչոկ-մուչոկ էլ գցեեք, բայց եկեք ընդունեք, որ ոստիկանի և լրագրողի միջև որոշակի տարբերություն կա:
2. …խուզարկություն կատարելու նպատակ չի եղել»
– Էդգար Ջանվելյանը, որ մոտ 20-25 րոպե չէր տեղեկացնում, թե որն է իրենց այցելության կոնկրետ նպատակը, շարունակ ասելով ՛՛հեսա կասեմ, հեսա կասեմ…՛՛, դիմեց իր հետ եկածներից մեկին, թե՝ ՛՛հլա մի հատ սենյակները նայի՛՛ որին ես արձագանքեցի. -Էս ինչ է, ուզում եք բնակարանը խուզարկ՞ել: Միաժամանակ Արփին փակեց դեպի ննջարան տանող ճանապարհը և խուզարկության թույլտվության փաստաթուղթ պահանջեց, ինչը բնականաբար նրանք չունեին, ինչից հետոո էլ մոտ մի 10 րոպե տհաճ և բարձր տոներով խաչաձև ՛՛հարձազրույցից՛՛ հետո հեռացան, սպառնալով, որ դեռ էլի են գալու:
3.«Օպերատիվ հարցման համար որևէ այլ փաստաթուղթ անհրաժեշտ չէր»:
– Սրան էլ հարցով պատասխանեմ. Օպերատիվ հարցումը արդյո՞ք առավոտյան 7:30-ին է իրականացվում:
4. «Առավոտյան կարծես թե պահվածքի մասին խոսք չկար Արփի Մախսուդյանի խոսքում:
– Հարգելի պարոն, տեղեկացնեմ ձեզ, որ Արփի Մախսուդյանը առաջին գրառումը կատարել է ՖԲ-ում, երեխային պարտեզ տանելիս և նպատակ է ունեցել դեպքի մասին հակիրճ հաղորդագրություն տարածել, այլ որ թե ծավալուն ու համապարփակ զեկուցագիր ներկայացնել:
Ուրիշ ի՞նչ հարցեր ունեք: